HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանը՝ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի գործով դատախազության արձագանքին

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որով անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի գույքի նկատմամբ սահմանափակումը վերացնելու գործով դատախազության արձագանքին։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ազատություն պողոտայում գտնվող առանձնատունը, որի վրա արգելանք էր դրված, վաճառվել է, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեն Կադաստրի կոմիտեին հանձնարարական է տվել վերացնել Հովիկ Աբրահամյանի տան հետ կապված սահմանափակումները։ 

Դատախազությունը խիստ տարօրինակ էր համարել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասին հղում կատարելու պարագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս անգամ չեն հիշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի գոյության մասին, համաձայն որի օրենսգրքով նախատեսված դեպքում բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2022թ. փետրվարի 3-ի որոշումը (նախքան դատախազության կողմից դրա բողոքարկման հարցի լուծումը) կատարելու վերաբերյալ, ոչ միայն չի բխում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ձևավորված դատական կայուն պրակտիկայից, այլև ուղղակիորեն հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով ՀՀ ՀԿ (ինչպես նաև նախկին ՀՀ ՀՔԾ) դրսևորված իրավական դիրքորոշմանը»,- նշված էր դատախազության հաղորդագրությունում։

Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, վերջինս խնդրահարույց է համարում օրենքից չբխող առանձին դեպքերի հիման վրա «կայուն դատական պրակտիկա» ձևավորելու վերաբերյալ Գլխավոր դատախազության գործընկերների արտահայտած տեսակետը։

«Հավատարիմ մնալով միայն օրենքով գործելու և իրավական բանավեճերն արդյունավետ քննարկումների դաշտ տեղափոխելու իր ուղենիշներին, այսուհետ դադարեցնում է սույն հարցի քննարկումը հանրային տիրույթում:

Միաժամանակ սպասում ենք գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ դատախազության խոստացած հետևողականության դրսևորմանը, որի կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է իր անվերապահ աջակցությունը»,- ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter