HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Արմավիր» ՔԿՀ-ի օդափոխության համակարգի պայմանագիրը կնքվել է, սակայն գումար դեռ չի նախատեսվել

Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) «Արմավիր» ՔԿՀ-ում օդափոխության, օդորակման համակարգի կառուցման պայմանագիր է կնքել, սակայն աշխատանքների կատարման համար դեռ գումար նախատեսված չէ:

«Արմավիր»-ը Հայաստանի ամենանոր քրեակատարողական հիմնարկն է, սակայն կառուցման ժամանակ չի նախատեսվել օդափոխության համակարգ: Հատկապես ամառվա ամիսներին դատապարտյալները դժգոհում են հեղձուցիչ օդից և օդի բարձր ջերմաստիճանից: 

2021թ. դեկտեմբերի 8-ին ՔԿԾ-ի և «Գրիգորյան Շին» ՍՊԸ-ի միջև կնքվել է օդափոխության, օդորակման համակարգի կառուցման շինարարական աշխատանքների պայմանագիր, որի գինը կազմում է 978 մլն դրամ: Շինաշխատանքների ավարտը նախատեսվել է 330 օրացուցային օր:

Գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց ֆինանսական միջոցների նախատեսման: ՔԿԾ-ն այս տարվա փետրվարին գրությամբ դիմել է արդարադատության նախարարին նշված աշխատանքները կատարելու համար ֆինանսական միջոցների նախատեսման նպատակով որոշման նախագիծ կազմելու և կառավարություն դիմելու խնդրանքով:

Ինչպես փոխանցում են ՔԿԾ-ից, համապատասխան ֆինանսական միջոցների նախատեսման դեպքում «Գրիգորյան Շին» ՍՊԸ-ի հետ կկնքվի համաձայնագիր և կմեկնարկեն շինարարական աշխատանքները:

«Գրիգորյան Շին» ՍՊԸ-ն եղել է գնման գործընթացի միակ մասնակիցը: Այլ կերպ ասած մրցակցություն չի եղել: Սա է պատճառը, որ բանակցությունների ժամանակ էական գնիջեցում չի եղել:

Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ի շինարարության իրականացումն ընթացել է 2007-2015թթ. այն կառուցվել է երկու փուլով՝ 2007-2009թթ. և 2009-2015թթ.: 2014-ին շահագործման էր հանձնվել «Արմավիր» ՔԿՀ-ի՝ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, ինչն իր մեջ ներառում է հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը: Իսկ 2015թ-ին ավարտին է հասցվել 4 նոր մասնաշենքերը, որով էլ ազդարարվել է քրեակատարողական հիմնարկի կառուցման ավարտը:

«Գրիգորյան Շին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019թ-ին: Միակ բաժնետերը 25-ամյա Գևորգ Գրիգորյանն է: Այս ընկերությունը թեև համեմատաբար նորաստեղծ է, սակայն պետական գնումների ոլորտում հասցրել է մի շարք խոշոր պայմանագրեր կնքել: Մասնավորապես, Քաղաքաշինության կոմիտեն 4 մլրդ 800 մլն դրամ ընդհանուր արժեքով պայմանագիր է կնքել «Գրիգորյան Շին» ՍՊԸ-ի հետ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքների համար: Մոտ 570 մլն դրամով կառուցելու է նաև Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքը: 540 մլն դրամով կառուցելու է Արագածոտնի մարզի Լուսակն համայնքի միջնակարգ դպրոցի տիպային շենքը և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter