
Մի շարք փայտանյութերի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ վեց ամսով կարգելվի
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է մի շարք փայտանյութերի արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող երկրներ վեց ամսով արգելել։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծեի հրապարակման միասնական կայքում։
Դեռևս 2021 թվականի մարտի 4-ին կառավարությունը որոշել էր վեց ամսով արտահանման արգելք կիրառել վառելափայտերի, անտառանյութերի և փայտանյութերի համար, այնուհետև այդ ժամկետը կրկին վեց ամսով երկարաձգվել էր, և քանի որ շուտով այդ ժամկետն էլ է լրանալու, կառավարությունը որոշել է արգելքի ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։
Ըստ որոշման նախագծի՝ արտահանման արգելքը վերաբերում է չմշակված անտառանյութին, տակառագործական, ճեղքած գերաններին, փայտե ցցագերաններին և փայտից պատրաստված մի շարք այլ ապրանքների։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմանելը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությամբ։
Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում: Նախագիծը օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։
Մեկնաբանել