
Կառավարության ստեղծած ընկերության ղեկավար կազմը հայտարարագիր չի ներկայացնում
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019թ.-ին Կառավարության կողմից: Այն ստեղծվել է օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու նպատակով: Թեև ֆոնդը ստեղծվել է Կառավարության կողմից, սակայն ոչ վերջինիս տնօրենների խորհրդի անդամները, ոչ աշխատակազմը գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրեր չեն ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Օրենքով նրանց պաշտոններն ընդգրկված չեն հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների ցանկում:
«Ֆոնդի ղեկավար անդամներից երկուսի անունները կան «Պանդորայի փաստաթղթերում» (Pandora Papers): Քանի որ բյուջեից մեծ փողեր են ներգրավված ֆոնդի ծրագրերում, այնտեղի աշխատակիցները պետք է հայտարարագրեր ներկայացնեն»,- ասում է «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
Ֆոնդը ղեկավարում է տնօրենների խորհուրդը, որի նախագահը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Տնօրենների խորհրդի անդամներ են արտերկրում գործունեություն ծավալող գործիչներ՝ Իսիդորա Լուչիոլան, Դոմինիկ Դը Վիլպենը, Խալեդ Հելիոուին, որը նաև ֆոնդի ներդրումային հանձնաժողովի նախագահն է, Մայքլ Թոմփսոնը և դարձյալ արտերկրում գործունեություն ծավալող «First Manhattan Co» ընկերության գործադիր տնօրեն Աննա Բաղդասարյանը:
Որպեսզի պարզ լինի, թե Ֆոնդն ինչ ներգրավվածություն ունի Հայաստանի տնտեսության մեջ և ինչ ազդեցություն կարող է ունենալ, բերենք մեկ օրինակ: 2021թ. հուլիսի 14-ին Ֆոնդը և «Էյր Արաբիա» ընկերությունը ստորագրեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։ Ըստ այդ համաձայնագրի՝ ստեղծվել է համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն՝ «Ֆլայ Արնա» (Fly Arna), որի բազան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է։
«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հունվարի 21-ին հայտարարել է տնօրենների խորհրդի անդամների և նախագահի նշանակման մասին։ Ըստ այդմ, Ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, գործառնական տնօրեն Էդուարդ Մկրտչյանը նշանակվել են ընկերության տնօրենների խորհրդի անդամներ: Դավիթ Փափազյանը նաև «Ֆլայ Արնայի» խորհրդի նախագահն է:
Ֆոնդը ներդրումների հարցում ունի նաև ֆինանսական դերակատարում: Մասնավորապես, ներդրողներին առաջարկում է մի քանի մոդել, որոնցից մեկը համաներդրման մոդելն է: Որպես համաներդրող՝ Ֆոնդը կիսում է ներդրումային ռիսկը և հանձնառություն է ստանձնում՝ հասնելու ավելի բարձր արդյունքի։
Ֆոնդի պաշտոնական կայքէջի համաձայն՝ այն խստորեն հետևում է լավ կառավարման և թափանցիկության սկզբունքներին:
«Մենք գտնվում ենք համաշխարհային մակարդակի տնօրենների խորհրդի և ներդրումների հանձնաժողովի կազմման գործընթացում, ինչը մեզ թույլ կտա լիարժեքորեն օգտվել մեր ղեկավարության փորձառությունից»,- նշված է կայքէջում:
Սակայն, հաշվի առնելով հենց բիզնես շահերը, ներդրումների ոլորտում թափանցիկությունը, Հայաստանի հանրությունը չգիտի, թե Ֆոնդի աշխատակազմն ինչ շահեր ունի, որքանով են նրանց ներդրումային ծրագրերը թափանցիկ, ինչ կապեր ունեն ներդրողների հետ և այլն: Սա անհրաժեշտ է իմանալ, քանի որ Ֆոնդը ցանկացած բիզնես ծրագրի մասնակցում է պետության անունից:
Տեսականորեն չի բացառվում, որ Ֆոնդի միջոցով ներդրում իրականացնող ընկերություններից մեկը կապեր ունենա տնօրենների խորհրդի անդամներից որևէ մեկի հետ, այդ հանգամանքն էլ օգտագործելով՝ շահեկան վիճակում հայտնվի Հայաստանում: Շահերի առկայության մասին հանրությունը կարող է իմանալ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող շահերի հայտարարագրից, ինչը, սակայն, չի իրականացվում:
Ներդրումների ոլորտում մեծ է նաև կոռուպցիայի ռիսկը: Ներդրողները շահագրգռված են հայտնվելու նոր շուկաներում: Այդ հարցում Ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներն ու աշխատակազմը կարող են մեծ դերակատարում ունենալ՝ ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով:
«Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հայտարարատու անձանց շրջանակը, որոնց մեջ չեն մտնում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամներն ու աշխատակազմի ներկայացուցիչները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆոնդը ստեղծվել է Կառավարության կողմից և հանդես է գալիս պետության անունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե ինչու «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի ղեկավար կազմը հայտարարագրեր չի ներկայացնում: «Եթե վերը նշված պաշտոնյաների կողմից հայտարարագիր չներկայացնելը օրենսդրական բացի հետևանք է, ապա Կառավարությունն ի՞նչ քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ»,- հարցրել էինք վարչապետին:
Վարչապետի աշխատակազմից նախ գրավոր հայտնել են, թե օրենքով ովքեր են պարտավոր հայտարարագրեր ներկայացնել:
«Փաստացի Ձեր նշած «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության պաշտոնները օրենքով սահմանված հայտարարատու պաշտոններ չեն համարվում: Հայտարարատու պաշտոնները սահմանվել են՝ ելնելով պաշտոնեական լիազորությունների շրջանակից և կոռուպցիոն ռիսկերից: Այս հիմքով պաշտոնների ցանկն աստիճանաբար ընդլայնվում է»,- նշված է վարչապետի աշխատակազմի պատասխանում:
Պաշտոնյաների համար նախատեսված հայտարարագիր լրացնելու պահանջի նպատակներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: Հետևաբար, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի տնօրենների խորհրդի և աշխատակազմի ներկայացուցիչների կողմից հայտարարագրեր չներկայացնելը որքանո՞վ է համապատասխանում նշված նպատակին: Այս հարցին կառավարությունը փաստացի չի պատասխանել:
Նույն հարցադրումներն ուղղել էինք նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ կառավարության ստեղծած ՓԲԸ-ն, որպիսին հանդիսանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը, հանրային իշխանության մարմին չէ: Իսկ վերջինիս տնօրենների խորհրդի անդամները և աշխատակազմի ներկայացուցիչները չեն հանդիսանում հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք: Մինչդեռ «Հանրային ծառայության մասին» օրենքը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաև հանրային պաշտոններ և հանրային ծառայություններ զբաղեցնող անձանց վրա:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը նույնպես նշել է, որ հայտարարատու պաշտոնները սահմանվել են՝ ելնելով պաշտոնեական լիազորությունների շրջանակից և կոռուպցիոն ռիսկերից: Այս հիմքով պաշտոնների ցանկն աստիճանաբար ընդլայնվում է:
«Ուստի, հիմք ընդունելով նաև Ձեր գրությունը, Հանձնաժողովը կարող է նախաձեռնել քննարկումներ հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկի ընդլայնման վերաբերյալ՝ դիտարկելով նաև Ձեր մատնանշած և նման կարգավիճակ ունեցող կազմակերպությունների պաշտոնները»,-հայտնում է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:
Մեկնաբանել