
Ոստիկանությունը պահպանություն կիրականացնի Ռազմարդյունաբերության կոմիտեի տարածքում
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունն առաջարկում է ոստիկանության պահպանությանը հանձնել Երևանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող Ռազմարդյունաբերության կոմիտեի տարածքը։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ սահմանվել են այն շենքերի և շինությունների ցանկը, որոնցում ոստիկանության կողմից իրականացվում է պետական պահպանություն։ Այժմ ԲՏԱ նախարարությունն առաջարկում է այդ ցանկում լրացնել նաև Երևանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 790,8 քառ. մետր մակերեսով տարածքը, որտեղ այժմ տեղակայված է ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի անձնակազմը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, այդ թվում Ռազմարդյունաբերության կոմիտեի գործունեության գրեթե ողջ մասն առնչվում է պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության (գրություններ, զեկուցագրեր, պայմանագրեր և այլ փաստաթղթեր) հետ, մինչդեռ ներկայում նշված տարածքի պահպանությունն ու անվտանգությունը չի ապահովվում Ոստիկանության կողմից, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան կարգավորումներ մտցնել։
Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
Հավելենք, որ նախագիծն ուժի մեջ կմտնի միայն Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Լուսանկարը՝ արխիվային / © «Հետք»
Մեկնաբանել