
Մարիամ Գաբոյանն այլեւս գլխավոր նոտարը չէ
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառուցվածքային լայն բարեփոխումներ է սկսել նախարարությունում: Մեր տեղեկություններով՝ արդեն լուծարվել է նախարարության նոտարիատի բաժինը: Դեռ պարզ չէ՝ բաժնի պետ, վաստակավոր իրավաբան Մարիամ Գաբոյանին ընդհանրապես աշխատանքից կազատե՞ն, թե՞ կտեղափոխեն այլ աշխատանքի: Սակայն հայտնի է, որ այլեւս գլխավոր նոտարի պաշտոն չի լինելու:
«Հետքի» տեղեկություններով՝ անվանափոխվելու է նաեւ նախարարության եվրոինտեգրման վարչությունը: Հնարավոր է նաեւ անվանափոխված վարչության լիազորություններն ընդլայնվեն եւ ավելանան նոր գործառույթներ:
Նախարարության կազմում ստեղծվելու է նաեւ տեսչություն: Առայժմ հայտնի չէ, թե ինչ անուն կունենա տեսչությունը, սակայն մեզ հայտնի է, որ տեսչության կազմում գործող բաժինները վերահսկողական լիազորություններ են ունենալու:
Բաժիններից մեկը վերահսկելու է ազատազրկման եւ կալանավայրերի, ինչպես նաեւ ԴԱՀԿ-ի աշխատանքները: Մեկ այլ բաժին էլ հսկողություն է իրականացնելու նոտարների եւ ՔԿԱԳ մարմինների գործունեության նկատմամբ:
Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում արդարադատության նախարարությունում հնարավոր է՝ փակվեն բաժիններ եւ ստեղծվեն նորերը:
Մեկնաբանել