«Արզնի ԹՏԽ» դեմ վարույթ է հարուցվել «ԷԿՈ» մակնշման համար. տնօրենը չգիտի՝ սերտիֆիկատ ունեն, թե ոչ
Փետրվարի 1-ին Մրցակցության պաշտպանության հանձաժողովը (ՄՊՀ) վարույթ է հարուցել «Արզնու Տոհմային ԹՏԽ» ընկերության դեմ՝ անբարեխիղճ մրցակցության համար։
Խոսքը, մասնավորապես, ընկերության արտադրած «ԷԿՈ» մակնշմամբ տուփով (10 հատ) հավկիթների մասին է, որոնք, ըստ ՄՊՀ, չունեն օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության հավաստագրի սերտիֆիկատ։
«Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնում է սերտիֆիկացման մարմինը «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատ տալու միջոցով։
Սերտիֆիկատի կարգը սահմանում է Կառավարությունը։
Օրգանական է համարվում այն սննդամթերքը, որն արտադրվել է օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով։
Դեռևս 2021թ. դեկտեմբրի 8-ին ՄՊՀ նախագահի՝ ԳԳ-3077 գրությամբ Հանձնաժողովը դիմել է «Արզնի ԹՏԽ»՝ պահանջով՝ գրությունը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել «ԷԿՈ» մակնշմամբ վաճառվող հավկիթների՝ օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության հավաստագրի (սերտիֆիկատ) պատճենը։
ՄՊՀ-ն վարույթը հարուցելու որոշում կայացրել էր դեռևս 2021թ. հունվարի 18-ին՝ դարձյալ «Արզնի ԹՏԽ» խնդրելով ներկայացնել ապրանքի՝ օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության հավաստագրի պատճենը։
Օրենքի համաձայն՝ սննդամթերքի մակնշման մեջ «օրգանական» և «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերը համարժեք են, և մակնշման մեջ նշելիս ապրանքը պետք է ունենա համապատասխան սերտիֆիկատ։
ՄՊՀ-ն, մասնավորապես, նշում է, որ «Արզնու ԹՏԽ» ընկերությունը սերտիֆիկատ տրամադրելու որոշումը ստացել էր դեռևս 2022թ. հունվարի 11-ին, որից հետո պարտավոր էր գրությամբ պահանջված տեղեկատվությունը Հանձաժողովին տրամադրել մինչև 2022թ. հունվարի 14-ը ներառյալ, սակայն այդ գրությունն այդպես էլ չի ներկայացրել։
«Հանձնաժողովը գրությամբ պահանջված տեղեկատվությունը չի ստացել, ինչն առերևույթ պարունակում է Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում տնտեսավարող սուբյեկտի պարտականության խախտման հատկանիշներ։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսվարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսվարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռքբերողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության և անաչառության սկզբունքները։
Անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է, եթե այն մոլորեցնում է, կամ կարող է մոլորեցնել հասարակությանը, կամ անհիմն չափազանցնում է ապրանքի որակը, ներկայացնում է թերի կամ կեղծ տեղեկություն, կամ այնպիսի տվյալներ, որակական հատկանիշներ, որոնք բացակայում են:
Հարուցված վարույթի հիման վրա ՄՊՀ-ն կարող է տուգանել «Արզնի ԹՏԽ» ընկերությանը իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5%-ի չափով.
«Ընկերության կողմից Ապրանքի տուփի (փաթեթվածքի) վրա «ԷԿՈ» բառի մակնշմամբ Ապրանքն իրացնելն առերևույթ պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորման անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ»։
Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միջազգային սերտիֆիկացնող մարմնի՝ «Էկոգլոբ» ընկերության պաշտոնական կայքում եղած տեղեկության համաձայն՝ 2022թ. հունվարի 10-ի դրությամբ «Արզնի Տոհմային ԹՏԽ»-ն ներառված չէ սերտիֆիկացված մատակարարողների ցանկում։ Այսինքն՝ «Էկոգլոբ» ընկերությունը չի հավաստել այդ հավկիթների օրգանական լինելը։
«Արզնի ԹՏԽ» տնօրեն Գեղամ Ջանվելյանը մեզ հետ զրույցում չհստակեցրեց՝ ի վերջո, տեղյա՞կ է հարուցված վարույթից, թե՞ ոչ.
«Եթե հարուցել են, ուրեմն մի բան գիտեն, հո հենց ընենց վարույթ չե՞ն հարուցի»,- ասաց նա՝ նշելով, որ ինքն անձամբ տեղյակ չէ վարույթից ու առաջին անգամ մեզնից է լսում։
Գ. Ջանվելյանն ասաց, որ կխնդրի համապատասխան մարդիկ ուսումնասիրեն թղթերն ու ծանոթանան։ Հետաքրքրվեցինք՝ կցանկանա արդյոք կարծիք հայտնել այդ մասին տեղեկանալուց հետո, վերջինս նշեց, որ ոչ, ապա՝ եթե ցանկանա։
Փորձեցինք ճշտել՝ արդյոք իրենք ունեն «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ.
- Երևի ունենք, եթե վարույթ են հարուցել, դե, կունենանք էլի,- ասաց տնօրենը։
- Նշում են (ՄՊՀ-ից, հեղ.), որ ապրանքը սերտիֆիկացված չէ, խնդիրը դա է եղել։
- Երևի, չգիտեմ, որ ասում են….հեսա կտեղեկանամ։
- Իսկ դուք ունե՞ք այդ սերտիֆիկատը, թե՞ չունեք։
- Չգիտեմ՝ մենք ունենք, թե չունենք։
Առաջարկեցինք նաև հարուցված վարույթի որոշումներն ուղարկել, սակայն տնօրենը չցանկացավ՝ նշելով, որ իրենք կծանոթանան այդ թղթերին, և եթե կարիք լինի, կարծիք կհայտնեն։
Գլխավոր լուսանկարը՝ «Արզնի ԹՏԽ» ընկերության ֆեյսբուքյան էջից
Տես նաև՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել