
Պարեկների արձանագրած խախտումներից տուգանային բալեր կհանվեն 2024թ․ հունվարի 1-ից
Գործող օրենսդրությամբ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորներ են կիրառվում բացառապես միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում։ Այսինքն՝ ստացվում է, որ ըստ ներկայում գործող կարգավորումների՝ այս տարվա հուլիսի 1-ից տուգանային բալեր պետք է հանվեին նաև պարեկային ծառայողների արձանագրած խախտումների դեպքում։ Սակայն ստեղծված տեխնիկական խնդիրների պատճառով ոստիկանությունն առաջարկում է պարեկների արձանագրած խախտումների դեպքում տուգանային միավորներ կիրառել ոչ թե 2022-ի հուլիսի 1-ից, այլ 2024 թվականի հունվարի 1-ից։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2021 թվականի հունվարի 20-ի թիվ ՀՕ-27-Ն օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ներկայում պարեկային ծառայության ներդրման և տեխնիկական ու ծրագրային համակարգերով համալրման գործընթացը չի ավարտվել, ուստի տեխնիկապես հնարավոր չէ պարեկային ավտոմոբիլներում էլեկտրոնային եղանակով արձանագրություններ կազմելու և որոշումներ կայացնելու տեխնիկական միջոցներով ու խախտումների հաշվառման շտեմարանի հետ առցանց կապով ապահովելը։
Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել 2023-ի տարեվերջին, և այս հանգամանքով պայմանավորված՝ ոստիկանությունն առաջարկում է պարեկային ծառայողների արձանագրած խախտումների դեպքում տուգանային միավորների կիրառումը սկսել 2024թ․ հունվարի 1-ից։
Ոստիկանության հաղորդմամբ՝ նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Հավելենք, որ այս օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ մտնելու համար նախ պետք է արժանանա Կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։
Մեկնաբանել