HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ապրելու Երկիր»-ն ընդդեմ Կառավարության. Փարաքարի ընտրությունների հարցում առկա է անգործություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը երեք հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ Փարաքար համայնքի ավագանու լիազորությունների հարցով: Հայցադիմումներից մեկով կուսակցությունը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ավագանու լիազորությունները վաղաժամկետ չդադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու Կառավարության անգործությունը:

Նշենք, որ 2021թ. դեկտեմբերի 5-ին Փարաքար միավորված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքներով՝ ավագանու ընդհանուր 21 մանդատը բաշխվել են 3 կուսակցության միջև. «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր 10 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 6 և «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը՝ 5 մանդատ:

Դեկտեմբերի 20-ին կայացել էր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում ընտրվել էր համայնքի ղեկավար: Ընդ որում, ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ համայնքն ուներ երկու ղեկավար՝ «Ապրելու երկիր» խմբակցությունն իր 10 անդամով ընտրել էր կուսակցության առաջին համարը զբաղեցնող Վոլոդյա Գրիգորյանին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Դավիթ Մինասյան» դաշինքից ընտրված ավագանու անդամները՝ Դավիթ Մինասյանին:

Դեկտեմբերի 30-ին Վարչական դատարանն անվավեր էր ճանաչել ավագանու որոշումները, որը վերաբերում էր համայնքի ղեկավարի ընտրությանը:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե նորընտիր ավագանու առաջին նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Նկատի ունենալով, որ տվյալ իրավանորմով սահմանված երկշաբաթյա ժամկետը լրացել է 2022թ. հունվարի 3-ին, նույն օրը «Ապրելու երկիր» խմբակցությունը դիմել է Կառավարությանը՝ Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և նոր ընտրություններ նշանակելու խնդրանքով։ Նման պահանջով դիմումներ են ուղարկվել Կառավարություն նաև հունվարի 4-ին և 5-ին:

Հունվարի 3-ին նշանակվել է ավագանու նոր նիստ, որը չի կայացել քվորում չլինելու պատճառով: Այդ օրը նիստին մասնակցել են ավագանու 21 անդամից 10-ը։

5 օր անց Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից կրկին նշանակվել է ավագանու նիստ՝ համայնքի ղեկավարի ընտրության հարցով, սակայն, ընդմիջվել է մինչև հունվարի 9-ը ժամը՝ 11:00-ը։

Ընդմիջումից հետո, ինչպես «Ապրելու երկիր» կուսակցությունն է բնորոշում, «կրկին բազմաթիվ խախտումների արդյունքում», մասնավորապես՝ վերը նշված երկշաբաթյա ժամկետից շուրջ մեկ շաբաթ էլ անց, տեղի է ունեցել համայնքի ղեկավարի հերթական ընտրություն, որի արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել Դավիթ Մինասյանը։

Բացի այդ, նիստը վարել է տարիքով ոչ ավագ անդամ Նեկտար Սարդարյանը, թեև նիստին ներկա են եղել և գրացվել են ավագանու բոլոր 21 անդամները, այդ թվում՝ տարիքով ավագ անդամ Էմմա Թորոսյանը: Վերջինս վարել էր 2021թ. դեկտեմբերի 20-ին կայացած նիստը: Միևնույն ժամանակ, նիստը չի հեռարձակվել համայնքի պաշտոնական կայքում, ինչը օրենքի պահանջ է:

«Եթե առկա չէ համայնքի ղեկավար առաջադրված այնպիսի թեկնածու, ով հավաքել է անհրաժեշտ թվով ձայներ, ապա դա առաջացնում է օրենքով հստակ նախատեսված հետեւանք, այն է՝ ՀՀ կառավարության կողմից ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցում եւ ավագանու արտահերթ ընտրությունների նշանակում»,- նշված է կուսակցության հայցադիմումում:

Տվյալ պարագայում «Ապրելու երկիր»-ը համարում է, որ վերը նկարագրված իրավիճակում առաջանում է Կառավարության ուղղակի և հստակ պարտականությունը՝ վաղաժամկետ դադարեցնելու ավագանու լիազորություններն ու նշանակելու ավագանու արտահերթ ընտրություններ։

Կուսակցությունը հիշատակել է նույնանման հանգամանքներով մեկ այլ՝ Վեդի համայնքի դեպքը:

Կառավարության հունվարի 4-ի որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ, ինչը «Ապրելու երկիր» կուսակցության կարծիքով, զարմանալիորեն տեղի չի ունեցել Փարաքար համայնքի դեպքում։

Կուսակցությունն ունի համոզմունք, որ այլ համայնքներում ևս Կառավարության կողմից նույնանման անգործություն դրսևորելու վտանգ կա՝ ելնելով իրենց քաղաքական դիրքորոշումից ու հայեցակարգից։

Հաջորդ հայցադիմումով «Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է պարտավորեցնել Կառավարությանը ընդունելու Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրությունների նշանակելու մասին վարչական ակտ:

Ինչ վերաբերում է մյուս հայցադիմումին, ապա պահանջ էր դրվել պարտավորեցնել Կառավարությանը վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները և կայացնել ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում, ինչպես նաև արգելել Փարաքար համայնքի աշխատակազմին՝ համայնքի ղեկավարի ընտրության հարցով ավագանու նիստ անցկացնել և համայնքի ղեկավարի ընտրության հարցով որևէ գործողություն կատարել:

Վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել էր՝ պատճառաբանելով, որ Կառավարությունը չի մերժել որոշման ընդունումը, չկա գրավոր ապացույց այդ մասին: «Ապրելու երկիր» կուսակցությունը դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան:

Նշենք, որ երկու հայցադիմումը և վերաքննիչ բողոքը ընդունվել են վարույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter