Խուլիգանություն՝ Սարդարապատի թիվ 21/19 ընտրատեղամասում
Այսօր ժամ 13-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի թիվ 21/19 ընտրատեղամասում մի կին քվեարկել է ուրիշի անձնագրով: Անձնագիրը եղել է Խանում Մկրտչյանինը, ով ունեցել է Գյումրի քաղաքի հաշվառում:
Զարմանալի է, որ քաղաքացին հասցրել է քվեարկել, ինչից հետո նրա ձեռքից անձնագիրը վերցրել է Maxinfo լրատվական ընկերության թղթակից Կարինե Գաբրիելյանը: Մեր այցելության պահին Կարինե Գաբրիելյանը ցույց էր տալիս Խանումի անձնագիրը, երբ ընտրատեղամաս ներխուժեց մի երիտասարդ եւ, նրա ձեռքից խլելով անձնագիրը ու Կարինե Գաբրիելյանին հայհոյելով, հեռացավ:
Մինչ միջադեպը թիվ 21/19 ընտրատեղամասի նախագահ Անահիտ Մանուկյանը ջերմ զրուցում էր երիտասարդի հետ՝ նրան անվանելով «իմ տղա», սակայն երբ տեղամասում երիտասարդն իրեն անվայել պահեց, Ա. Մանուկյանը ասաց, թե նրան չի ճանաչում:
Ավելին՝ Անահիտ Մանուկյանը ոչինչ չձեռնարկեց տեղամասում խուլիգանություն թույլ տված երիտասարդին կարգի հրավիրելու համար: Ոստիկանները բակում էին եւ նույնպես չմիջամտեցին կատարվածին, նույնիսկ տարածք չմտան:
Գյումրի քաղաքի հաշվառում ունեցող քաղաքացու անձնագրի «գողությունից» հետո Անահիտ Մանուկյանի տրամադրությունը ավելի բարձրացավ: Նա անընդհատ փորձում էր ցույց տալ, որ կատարվածը ոչինչ է:
Իսկ հանձնաժողովի անդամները ծիծաղելով ասում էին, թե անձնագիրը բողոքող կողմն է բերել, որ «իրենց գլխին սարքի»: Նշենք, որ ընտրատեղամասի առջեւ «Ջիփերի» ու «Համմերների» պակաս չի զգացվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել