
Նիկոլ Փաշինյան. «Ռուբինյանին լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը»
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կայացրել:
«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել։ Կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին: Պատգամավորը հարցրել էր, թե ինչ հրամանագրի, ինչ որոշման հիման վրա է Ռուբինյանը նշանակվել այդ պաշտոնին:
«Ռուբինյանը հաշվետու է ինձ, Անվտանգության խորհրդին և մեծ հաշվով` ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց` անկախ նրանից, թե ով կլինի բանակցողի կարգավիճակում, ամբողջ պրոցեսի պատասխանատվությունն ինքն է կրում:
«Այդպես վարվել եմ, որ թաքնված գաղտնի կուսակցականի հանկարծ այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն զեկուցի այլ երկրների ազդեցության գործակալներին: Լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը»,- եզրափակեց Փաշինյանը:
Մեկնաբանել