HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվածի կողմից «Հրազդան» ՔԿՀ պաշտոնյաներին կաշառք տալու փաստով քրգործի նախաքննությունն ավարտվել է 


Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կալանավորված անձի կողմից «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց 2020-2021 թվականների ընթացքում պարբերաբար տարբեր չափերի կաշառք տալու դեպքեր:

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ, հիմնավորվել է, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Հմայակ Թադևոսյանը մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն հիմնարկում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի մասնագետներ Սաֆար Սաֆարյանի և Սարո Մաթևոսյանի հետ: Այնուհետև, իր նկատմամբ վերջիններիս հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու, ինչպես նաև իր մոտ պահվող, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը հայտնաբերելուն և վերցնելուն ուղղված գործողություններ չկատարելու համար Հմայակ Թադևոսյանն «Իդրամ» վճարահաշվարկային կազմակերպության միջոցով  Սաֆար Սաֆարյանի հաշվին 2020 թվականի նոյեմբերից 2021 թվականի հունվար, իսկ Սարո Մաթևոսյանի հաշվին` 2020 թվականի հոկտեմբերից 2021 թվականի մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տարբեր չափերի գումարներ է փոխանցել որպես կաշառք:

Կալանավորից զգալի չափերով կաշառք ստանալու համար Սաֆար Սաֆարյանին և Սարո Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար Հմայակ Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին, որի կողմից այն հաստատվել և ուղարկվել է դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter