
Կստեղծվի պաշտոնյաների նվերների էլեկտրոնային ռեգիստր
Նախատեսվում է ստեղծել նվերների կենտրոնացված էլկտրոնային ռեգիստր, որը կապահովի պաշտոն զբաղեցնող անձանց նվերների հաշվառումը, դրանց նկատմամբ պատշաճ հսկողությունը և ողջ գործընթացի թափանցիկությունը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը:
Հանձնաժողովի անդամի խոսքերով՝ մշակել են նվերների ընդունման արգելիք հետ կապված նորացված հայեցակարգ և գործողությունների ծրագիր: Նախատեսվում է 2022թ-ի առաջին կիսամյակի ընթացքում մշակել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով նվերների ընդունման արգելքով սահմանված կարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային լավագույն փորձին:
Հնարավորինս կհստակեցվի և դուրս կբերվի բացառությունների այն լայն շրջանակը, որը ներկայումս առկա է հանրային ծառայության մասին օրենքում:
Նշենք, որ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի: Այն ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված գույքը կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն:
Մեկնաբանել