
Հայաստանի ազգային հավաքականը համաշխարհային ցուցակում նահանջել է 3 հորիզոնական
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը։ Հաշվետու ժամանակահատվածում 0-5 եւ 1-4 հաշիվներով պարտվելով Հս․ Մակեդոնիային եւ Գերմանիային՝ մեր ընտրանին 89-րդից նահանջել է 92-րդ հորիզոնական։
Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան, Արգենտինան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Դանիան, Նիդերլանդները։
ԱԱ-2022-ի ընտրական փուլում մեր արդեն նախկին մրցակիցներից առաջադիմել են Գերմանիան (11, +1) եւ Հս․ Մակեդոնիան (67, +7): Նահանջել են Ռումինիան (44, -3) ու Լիխտենշտայնը (191, -1), իսկ Իսլանդիան մնացել է 62-րդ տեղում։
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 25-րդն է, Ռուսաստանը 34-րդ տեղում է, Ուզբեկստանը՝ 84-րդ, Վրաստանը՝ 86-րդ։ Մյուս երկրները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են։
Մեր հարեւաններից Իրանը 21-րդն է, Թուրքիան՝ 37-րդը, Վրաստանը, ինչպես ասվեց, 86-րդը, իսկ Ադրբեջանը՝ 120-րդը։
Մեկնաբանել