Հետազոտություն. մինչև 5 տարեկան երեխաների 19 %-ը թերաճ է կամ կարճահասակ, ինչը քրոնիկ թերսնուցման արդյունք է
Սույն թվականի ապրիլի 30-ին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրեցին ՀԺԱՀ 2010-ի հիմնական արդյունքները: ՀԺԱՀ ծրագրի ֆինանսավորումը տրամադրել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (USAID Armenia): ՀԺԱՀ ծրագրին աջակցություն են ցուցաբերել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը (UNFPA) և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ՄԱԿ-ի միացյալ ծրագրի Հայաստանյան գրասենյակը (UNAIDS): Զեկույցի շնորհանդեսին ներկա են գտնվել Հայաստանի կառավարության անդամներ, միջազգային կազմակերպություններ, առողջապահական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը հանրապետության մակարդակով ներկայացուցչականությունն ապահովող ընտրանքային հետազոտություն է, որը ժողովրդագրական բնութագրիչների միջոցով վերլուծական տեղեկատվություն է տրամադրում առողջապահական թեմաների և խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև արծարծված հարցերի շուրջ երկրում տեղի ունեցող առաջընթացների վերաբերյալ: Ստացված արդյունքները ղեկավար մարմիններին, այս ոլորտի քաղաքականությունը մշակող անձանց հնարավորություն են ընձեռում առավել նպատակային և իրատեսական ֆինանսական ծրագրեր մշակելու համար:
ՀԺԱՀ 2010-ի ժամանակ ավելի քան 7,000 տնային տնտեսություններում իրականացվել են հարցումներ, որում ընդգրկվել են 15-49 տարեկան 5,922 կանայք և նույն տարիքային խմբի 1,584 տղամարդիկ: Հարցման դիտանկյունում են գտնվել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են' ծնելիությունը, հակաբեղմնավորման մեթոդների կիրառումը, մոր և մանկան առողջությունը, երեխաների սնուցումը, մանկական մահացությունը, առողջության պահպանման օղակների մատչելիությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին իմացությունը և վարքագիծը, ինչպես նաև այլ թեմաներ:
Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության Հարցերի Հետազոտությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանում իրականացվում է 3-րդ անգամ (2000, 2005 և 2010թթ), որի դաշտային աշխատանքներն անցկացվել են 2010թ-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: «Այ Սի Էֆ Ինթերնեշնլ» կազմակերպությունը ցուցաբերել է տեխնիկական աջակցություն ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «MEASURE DHS» ծրագրի շրջանակում:
Հիմնական արդյունքներ: ՀԺԱՀ-2010-ի արդյունքներով, 2005-2010թթ-ի ընթացքում մանկական մահացության ցուցանիշները նվազել են' 26 մահից մինչև 13 մահ' 1000 կենդանածնի հաշվով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող նվազագույն պատվաստումների ամբողջական փաթեթի պատվաստումները ստացած 18-29 ամսական երեխաների մասնաբաժինն աճել է 2005թ-ի 74 տոկոս ցուցանիշից մինչև 87 տոկոս 2010թ-ին:
Մյուս կողմից, մինչև հինգ տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ են կամ կարճահասակ իրենց տարիքի համեմատ, ինչը քրոնիկ թերսնուցման արդյունք է, իսկ նույն տարիքային խմբի երեխաների 15 տոկոսն ունի գերքաշության խնդիր: Ինչպես ՀԺԱՀ 2000 և 2005թթ, այնպես էլ 2010թ-ին կանայք միջինում ունենում են 1.7 երեխա: ՀԺԱՀ 2010-ի արդյունքների համաձայն 2008թ-ի հուլիսի մեկից անվճար ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի հաստատումը նպաստեց շուրջ 10 անգամ ծննդաբերությունների համար կատարվող ոչ պաշտոնական վճարումների կրճատմանը (մինչև 2008թ. հուլիսի 1-ը' 82.4%, իսկ 2008թ-ից հետո' 7.9%):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել