
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը ներկայացված կլինի Դիլիջանի ավագանիում
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը նախնական տվյալներով Դիլիջան համայնքում խմբակցություն ձևավորելու հնարավորություն կունենա, քանի որ ավագանու ընտրությունների արդյունքներով ստացել է վավեր քվեաթերթիկների շուրջ 8%-ի չափով քվե։ Այս առնչությամբ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Այս փոքրիկ ձեռքբերումը առաջին քայլն է՝ դեպի հաղթանակներ գնալու ճանապարհին, և մեր առաջին ներկայությունը՝ հանրային կառավարման մարմիններում:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիլիջանցիներին, որոնք քվեարկել են մեր օգտին, ափսոսանքով ենք արձանագրում, որ ընտրողների մի զգալի հատված որոշեց չմասնակցել ընտրություններին և սեփական համայնքի վաղվա օրվա որոշմանը` այդպիսով կանխորոշելով կառավարող ուժի հաղթանակը: Այնուամենայնիվ, կհանդիպենք ամենամոտ ապագայում` քննարկելու խնդիրներն ու անելիքները։
Առաջիկայում պլանավորում ենք նոր հաջողություններ գրանցել նաև Հայաստանի այլ համայնքներում։
Ցավով ենք արձանագրում ամեն հաջորդ ընտրության ժամանակ խորացող բացասական դինամիկան` վարչական ռեսուրսի, սպառնալիքների համակարգված կիրառության ավելացող ծավալներով»։
Մեկնաբանել