Պետք չէ մտքի տիտան լինել
«Մի՞թե մտքի տիտան պետք է լինել` հասկանալու համար, որ եթե այսօր Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, դրանով կառաջացնի համաշխարհային ռեակցիա` ուղղված, ըստ էության, Ադրբեջանի ջանքերի օժանդակմանը, կամ որ միջազգային հանրությունը դա կընկալի որպես մարտահրավեր ու, բնականաբար, կտա համարժեք պատասխան,- ասում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:- Ինչ-որ առաջարկ անելուց առաջ պետք է լավ մտածել: Հայաստանը պիտի անի այնպիսի քայլեր, որոնք նպաստում են ԼՂ-ի միջազգային ճանաչմանը»:
Նա շեշտում է, որ Հայաստանի կողմից ԼՂ անկախությունը ճանաչելու առաջարկներն անում են այն մարդիկ, որոնք «մտքի նույն խորությամբ ասում են, թե Թուրքիայի տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչել Սեւրի պայմանագրի շրջանակներում: Նման հայտարարություններ անում են մարդիկ, ովքեր ուզում են պատասխանատվություն կրել հայ ժողովրդի բախտի տնօրինման համար»:
Ըստ Զուրաբյանի` ԼՂ անկախության դե յուրե միջազգային ճանաչման համար ամենակարեւոր քայլը դե ֆակտո անկախացման գործընթացն է` Ղարաբաղի շենացումը, բնակեցումը, հզորացումը. «Այդպես են կամաց-կամաց գալիս դե յուրե ճանաչմանը, ոչ թե չեղած իրողություններով խոսում ու մարտահրավերներ ուղարկում միջազգային հանրությանը: Մենք ժամանակին դա էինք անում` բնակեցնում էինք Ղարաբաղը: Լաչինում բնակչությունը 0-ից 15.000-ի հասավ, հիմա կրճատվել է. 5000 կլինի՞, չգիտեմ: Մյուս տեղերի մասին չեմ խոսում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել