HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրք հասարակությունը տեղյակ չէ Սբ. Խաչի գմբեթին բացակայող խաչի խնդրից

Թուրքիային հետաքրքրում է զբոսաշրջիկների հաշվին իր արեւելյան տարածքների տնտեսական զարգացումն ու այդտեղ ապրող ժողովուրդների հետ «մերձեցումը»

Թուրք քաղաքագետ Բեհլուլ Օզքանն ասում է, որ հայ-թուրքական սահմանի բացման համար անհրաժեշտ է ինչ-ինչ սիմվոլիկ առաջընթաց ԼՂ կարգավորման գործընթացում: Այդ դեպքում ինչու՞ Թուրքիան ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնցում չկային նախապայմաններ: Պարոն Օզքանն արդյո՞ք համաձայն է այն պնդումներին, որ Թուրքիային առաջին հերթին պետք էր գործընթացի շուրջ աղմուկը եւ ոչ առաջընթացը:

Այս հարցին Օզքանը պատասխանում է հետեւյալ կերպ. «Երբ պատրաստվում էր արձանագրությունների տեքստը, հայկական կառավարության կողմից եղել է դրանց` առանց նախապայմանների մեկնաբանման ցանկություն-պահանջ, բայց թուրքական կողմը սա չի ընդունել: Ես կարծում եմ, որ թուրքական կողմն անկեղծորեն ուզում է բարելավել հարաբերությունները: Չեմ կարծում, թե արձանագրություններն արվել են ժամանակ շահելու համար»:

Քաղաքագետը միաժամանակ նշում է, որ արձանագրությունների ստորագրման օրը Թուրքիայում ասում էին, թե եթե Հայաստանը ստորագրում է սա, արդյոք դա կբերի ԼՂ խնդրի լուծմանը. «Թուրքիայի կառավարությունը միշտ էլ հայտարարել է, որ Կովկասում անվտանգությունը եւ խաղաղությունը մեկ փաթեթով են, ու հայ-թուրքական սահմանի բացումն ու հարաբերությունները այդ փաթեթի մեջ են, առանձին չեն կարող դիտարկվել»: Նա շեշտում է, որ Ադրբեջանը մեծ կշիռ ունի թուրքական հասարակությունում, ու եթե ԼՂ հարցում որեւէ առաջընթաց չգրանցվի, ամբողջ ընդդիմությունը կառավարությանը դավաճանության մեջ է մեղադրելու սահմանները բացելիս: Դրա համար էլ ԼՂ հարցում թուրքական կառավարությունը որեւէ խորհրդանշական քայլի է սպասում, որ իրեն այդ դեպքում հանկարծ դավաճանության մեջ չմեղադրեն:

Իր հերթին թուրքագետ Արտակ Շաքարյանն ասում է. «Ես համոզված եմ, որ Թուրքիային պետք էր գործընթացը եւ ոչ արդյունքը: Թուրքիան, քաջ գիտակցելով, որ որեւէ առաջընթաց չի կարող ունենալ Հայաստանից, որովհետեւ դա հայկական իշխանությունների համար քաղաքական ինքնասպանություն կլիներ, մտավ խաղի մեջ` ժամանակ շահելու ու եւս մեկ ապրիլի 24 անցնելու համար»:

Բեհլուլ Օզքանը կարեւորում է, որ Թուրքիան սահմանը փակեց այն ժամանակ, երբ պատերազմի ընթացքում Հայաստանը դուրս եկավ Ղարաբաղի սահմաններից ու մտավ Քելբաջար: Այսինքն` եթե ուզում ենք վերադառնալ սահմանի փակման նախօրյակին, պետք է ոչ թե Ղարաբաղն ազատել, այլ պարզապես անհրաժեշտ է հարակից տարածքներից սիմվոլիկ կերպով հետ քաշվել:

Անդրադառնալով լրագրողի` Թուրքիայում հայկական եկեղեցիների 2000-ից մինչեւ մի քանի տասնյակի հասնելու թվին ու այդ ֆոնին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կազմակերպելու հարցին` թուրք քաղաքագետը նշեց. «Համաձայն եմ, որ 2000-ից մինչեւ 42-ի անկումը շատ ցայտուն օրինակ է: Շատ եմ ցավում, որ Անատոլիայում բնակվող 1 մլն-ից ավել հայերից ընդամենը 60.000-ն է այսօր ապրում: Ու ընդհանրապես Արեւելյան Անատոլիայում ապրող հայերի թիվը մատների վրա կարելի է հաշվել: Սակայն պատմական, մշակութային, կրոնական առումով Անատոլիան հայերի համար շատ էական մի տարածք է, որտեղ նրանք հարյուրամյակներով ապրել են: Այդ պատճառով ես կարծում եմ, որ Աղթամարի եկեղեցու պատարագը խորհրդանշական չէ»: Ըստ Օզքանի` Թուրքիայի կառավարությունը Տրապիզոնում հունական եկեղեցում անցկացված ծիսակատարությամբ ու Սուրբ Խաչի գալիք պատարագով ուզում է ասել, որ Անատոլիան այստեղ ապրող բոլոր ժողովուրդների համար շատ էական մի հողակտոր է: Նա ասում է, որ մյուս նպատակը այդ տարածաշրջանի տնտեսական զարգացումն է զբոսաշրջության հաշվին: Իսկ ահա Սուրբ Խաչի գմբեթին բացակայող խաչի խնդրին, ինչպես նշում է քաղաքագետը, Թուրքիայում չեն խոսում, հասարկությունը դրա մասին տեղյակ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter