HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանցիները ոչ մասնագիտորեն են մոտենում Տիգրանակերտի հայտնագործություններին

Տիգրանակերտի նյութերը Երեւանից կտեղափոխվեն Ստեփանակերտ

«Մի քանի անգամ նույնիսկ Հայաստանի շատ հայտնի մտավորականների ու նաեւ ժուռնալիստների մենք ստիպել ենք, որ իրենց նյութերը թափեն: Շատ հաճախ գալիս են, բարձարնում են պատերը, որոնց վրա չի կարելի բարձրանալ, լուսանկարվում են:Մենք հիմա մշակում ենք ստնեդներ եւ հուշարձանը պահպանելու որոշակի կանոններ: Անկեղծ ասած` մարդիկ այնքան էլ մեղավոր չեն, որովհետեւ իրենց ոչ մեկը հստակ չի ասում, իրենք էլ տեղյակ չեն, թե իրենց ինչպես պիտի պահեն այդտեղ»,- ասում է Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Հուշարձանի հսկողությունն իրականացնում է ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը, ստեղծվել է «Տիգրանակերտի արգելոց» ՊՈԱԿ-ը: Հ. Պետրոսյանը նշում է, որ այսօր Տիգրանակերտի գոտիավորումը վերջնականապես դեռ պատրաստ չէ, բայց շուտով պատրաստ կլինի, ու նաեւ հստակ կլինի, թե որ տարածքում, օրինակ, ոչինչ անել չի կարելի:

Այժմ բոլոր նյութերը տեղափոխվում են Երեւանի պետական համալսարան` հնագիտության լաբորատորիայում վերականգնվելու, սակայն Ստեփանակերտում հնագիտական ժողովածուների մեծ պահադարան է ստեղծվում, եւ դրա ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, Տիգրանակերտի նյութերն աստիճանական կհանձնվեն ԼՂՀ լիազորված մարմնին: Տիգրանակերտը կներկայացվի հնավայրի տարածքում բացված թանգարանում, բայց քաղաքի ողջ հնագիտական նյութը, որ տասնյակ անգամ ավելի է, քան հնարավոր է ներկայացնել թանգարանում, կպահվի Ստեփանակերտում այդ նպատակով ստեղծվող պահոցում: Շենքը պատրաստ է, մնում են ներքին աշխատանքները:

Բաքվի պետական համալսարանի հնագիտության եւ էթնոգրաֆիայի ամբիոնի վարիչ Հուդրաթ Իսմայիլզադեն, պատասխանելով Day.az-ի` «ադրբեջանցիների օրրան հանդիսացող գրավված տարածքներում» ընթացող պեղումների մասին հարցին, վերջերս ասել էր. «Մենք ժամանակին մանրամասն ուսումնասիրել ենք տվյալ տարածքը: Մեր «կոլեգաները», ինչքան էլ փորփրեն, ոչ մի նոր բան չեն կարող գտնել, առավելեւս` յուրացնել: Հայերը Ղարաբաղում երբեք չեն կարող գտնել իրենց «նախնիների» հետքերը»:

«Հետքի»` այս խոսքերը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան` Հ. Պետրոսյանը նշեց. «Ես ծանոթ եմ այդ թեմային: Ասեմ, որ Հուդրաթը ժամանակին լավ բարեկամություն է արել մեր ինստիտուտի, իմ ավագ կոլեգաների հետ, որովհետեւ ինքը երկար տարիներ աշխատել է Նախիջեւանում եւ, կարծեմ, Ֆիզուլիի տարածքում: Այնտեղ որեւէ կոնկրետ փաստարկ Տիգրանակերտի մասին` թե արդյոք կա, չկա, թե ինչպիսի նյութեր են եւ այլն, չկա եւ ուղղակի դժվար է նման հայտարարություններին ինչ-որ պատասխան տալ: Ինձ համար մի քիչ ցավալի է, որ ադրբեջանցի կոլեգաները հաճախ ոչ մասնագիտական մանրամասնությամբ են պատասխանում մեր կատարած հայտնագործություններին»:

Հնագետը հայտնեց, որ պեղումներն այսօր ամբողջությամբ ֆինանսավորում են ԼՂՀ իշխանությունները, սակայն իրենք այսօր լուրջ խնդիրներ ունեն գիտական հետազոտությունների տեխնիկական հագեցվածության առումով, ինչը չի վերաբերում բուն հնագիտական պեղումներին:

«Հետքի» մեկ այլ հարցին, թե ինչպես է տեսնում Տիգրանակերտի ապագան ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հնարավոր տարբերակի դեպքում, Համլետ Պետրոսյանն ասաց. «Ես երբեք առիթ չեմ ունեցել խոսել ազատագրված տարածքների վերադարձի մասին: Տիգրանակերտը մշտական հուշարձան է, նրա հետազոտությունը շարունակվելու է, եւ որեւէ տրամադրվածություն, մտահոգություն իմ` հետազոտողիս մեջ գոյություն չունի»:

Նրա հավաստմամբ`Տիգրանակերտի հայկականության մասին են խոսում հայկական ճարտարապետական եւ քանդակային դետալների գյուտերը, վաղ քրիստոնեական հորինվածքների գյուտերը, Տիգրանակերտում գտնվել է սկավառակ, որի վրա կա հայերեն արձանագրություն, խեցեղեն անոթներ, որոնց վրա կան հայկական տառեր, ճարտարապետական որոշ մանրամասներ:

Մյուս տարի էլ պեղումները անց են կացվելու ամռանը եւ տեւելու են 60-70 օր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter