HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վասալի ու մեծ եղբոր հարաբերություննե՞ր չեն

«Սա հավասարը հավասարի, գործընկերների միջեւ ձեռք բերված համաձայնություն է: Ճիշտ է` հավասար չեն կողմերի ակնկալիքները, ռուսների շահը ավելի հեռուն գնացող է, աշխարհաքաղաքական է, բայց եթե երկուսն էլ կենսական խնդիրներ են լուծում, երկուսն էլ բավարարված են, այստեղ ակնհայտորեն վասալի ու մեծ եղբոր հարաբերություններ չեն»,- հայ-ռուսական վերջին պայմանգրերի մասին ասում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

«1945-ից ի վեր Գերմանիայում կա 75000-ոց ամերիկյան զորախումբ, եւ գերմանացիները դա չեն համարում զսպաշապիկ իրենց համար: Սա միջազգային բնական պրակտիկա է ու ռազմավարական, աշխարհաքաղաքական գործառույթների անբաժանելի մասն է»,- նշում է «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարույթունյանն ու հավելում, որ մեզ մոտ վերոնշյալ փաստը մի փոքր հիվանդագին է ընդունվում: Նա շեշտում է, որ ըստ ամերիկյան փորձագետների` Հայաստանը տարածաշրջանում ամենաինքնիշխանն է:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին «C-300» համակարգերի վաճառքի մասին լուրերը մեկնաբանելով` Հարությունյանն ասում է, որ չի կարելի բացառել այն հանգամանքը, որ դա Ռուսաստանի կողմից որոշակի տեղեկատվական գործողություն է Ադրբեջանի հանդեպ` հանգստացնելու այնտեղի ընտրանուն եւ հանրությանը, որն անհանգստացած է հայ-ռուսական պայմանագրերի պատճառով:

«Ռուսաստանն իր շահերն ունի եւ ամեն կերպ փորձելու է իր քաղաքական ուղեծրում պահել նաեւ Ադրբեջանը, ամեն կերպ փորձել կանխել նրա աշխարհաքաղաքական ուղղվածությունները: Փորձ է արվում ինչ-որ քայլ անել, որով Ադրբեջանը կկապվի Ռուսաստանի հետ,- իր հերթին ասում է Դ. Ջամալյանը,- սա չի նշանակում, որ դրանով մեր պաշտպանունակությունը էապես թուլանում է: Դրանք կարող են մեր դեմ կիրառվել, դա չի բացառվում, բայց մեր սպառազինությունը այնքան խոցելի չէ, որ չկարողանա Հայաստանի անվտանգությունը պաշտպանել: Պատերազմի վերսկսման հավանականությունը սրանով չի մեծանում, որովհետեւ հայ-ռուսական պայմանագրերով մենք նույնպես ձեռք ենք բերելու նոր զինատեսակներ, որոնք ռազմական բալանս են հաստատելու: Մենք պետք է ըմբռնումով մոտենանք այն իրողությանը, որ ռուսները միայն մեր շահերից ելնելով չեն կառուցելու իրենց արտաքին քաղաքականությունը, պարզապես մենք պիտի փոձենք առավելագույնը ստանալ մեր գործընկերների հետ հարաբերություններից, եւ կարծում եմ` ստացել ենք»:

Հարությունյանն ու Ջամալյանը կարեւորում են, որ մեր տարածաշրջանում աստիճանաբար հաստատվում է կայունություն: Հարությունյանը, մասնավորապես, համաձայն չէ այն մտքի հետ, թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտի վերջին հայտարարությունը հայ-ռուսական հարաբերությունների մասին նշանակում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը ձեռք է բերում հեգեմոնիա. «ԱՄՆ-ի պետդեպարտամենտը արձանագրում է փաստը: Կարծես թե որոշակի կոնսենսուս է ձեւավորվել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Հարավային Կովկասում եւ ավելի լայն տարածաշրջանային խնդիրներում, քանի որ դա բխում է երկուսի շահերից, եւ ԱՄՆ-ին, կարծում եմ, բնավ չի հրապուրում Թուրքիա-Ադրբեջան հզոր տանդեմը ու Թուրքիայի հեղինակության բարձրացումը: Սա զուսպ գնահատական է այն իրողությանը, ինչ որ կա այսօր տարածաշրջանում»:

Անդրադառնալով հայկական բանակում վերջին շրջանում աղմկահարույց սպանություններին` պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Դ. Ջամալյանը նշեց, թե հետեւություններն արված են, շատ կտրուկ արձագանք է տրվել, ուղղակի հարկավոր է ժամանակ, որպեսզի կադրային ճիշտ քաղաքականությամբ նման դեպքերը բացառվեն ապագայում: Ըստ նրա` այն ինչ արվում է այսօր, հուսադրող է: Նա շեշտում է, որ լրագրողները պետք է հետամուտ լինեն, որ ամբողջ քննության ընթացքը վերահսկվիմ քանի որ եթե պատիժները օբյեկտիվ չլինեն, ամենաթողության վտանգ կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter