«Հեշտ հաղթանակի ու թույլ հակառակորդի ադրբեջանական միֆը երերում է»
«Տարիներ շարունակ Ադրբեջանը սեփական հանրությանը նախապատրաստում է պատերազմի, զուգահեռաբար` նա փորձում է նաեւ բարոյալքել մեզ եւ իբրեւ այդպիսի քարոզչության հիմք մի շարք դրույթներից բացի օգտագործում է երկու կարեւոր դրույթ,- ասում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ու մանրամասնում այդ դրույթները:- Նախ` Ադրբեջանը հարուստ երկիր է, նա կարող է իրեն թույլ տալ սպառազինվել, ձեռք բերել ժամանակակից զենք, ապահովել ռազմական առավելություն եւ այդկերպ արագ եւ հեշտ հաղթանակ տանել Հայաստանի հանդեպ:
Մյուս կողմից` զարգացվում է քանակական առավելության թեզը, որ ադրբեջանական բանակը ավելի մեծաթիվ է: Այստեղ, անկասկած, օբյեկտիվ իրականություն կա, բայց ահա վերջին զարգացումներից հետո ադրբեջանական պրոպագանդայի համար ավելի դժվար է դառնալու սեփական հանրությանը համոզել, որ Հայաստանի հանդեպ կարելի է շատ արագ եւ հեշտ հաղթանակ տանել»:
«Ադրբեջանական հասարակության որոշակի շերտերում նկատվում է թերահավատություն սեփական արտաքին քաղաքականության նկատմամբ,- իր հերթին նշում է «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:- Կարծես թե որոշակի կրիտիկական զանգված է հասունացել, որը փոխել է Ադրբեջանում կարծիքները»:
Ըստ Հարությունյանի` ադրբեջանական արտաքին քաղաքականությունը վերջերս որոշակի ձախողումներ է ապրում: Դրանց թվում է Ադրբեջայն-Իրան կապը, Ռուսաստանի հետ էներգետիկ համաձայնագրերը մանավանդ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում նույնպես, ըստ էության, մեծ արդյունք չեն տալիս: Եվ Բաքվին անգամ չեն գոհացնում Թուրքիայի հետ հարաբերությունները, որովհետեւ չեն ստանում իրենց ակնկալիքները: «Տպավորություն է ստեղծվում, որ իրենք դարձել են մի փոքր խաղալիք մեծ տերությունների ձեռքին, եւ դա բավական նման է ճշմարտությանը,- ասում է Գ. Հարությունյանն ու հավելում,- ադրբեջանական մամուլը կարծես թե սպասում է Մեդվեդեւի այցին, որպեսզի ավելի հստակ արտահայտվի»:
«Ակնհայտ է, որ հայ-ռուսական պայմանագրերից հետո մենք հնարավորություն ենք ստանալու պահպանել ռազմական բալանսը, թույլ չտալ, որ ադրբեջանական սպառազինությունը շեշտակի գերազանցի մերին: Ռուսաստանը պարտավորվում է պաշտպանել մեր երկիրը ոչ միայն թուրքական ուղղությունից. անհրաժեշտության դեպքում մենք կկարողանանք ուժեր կուտակել նաեւ արցախյան ուղղության վրա եւ այդ կերպ ինչ-որ տեղ նվազեցնել Ադրբեջանի քանակական գերազանցության հանգամանքը,- շեշտում է Դավիթ Ջամալյանը:- Սա նշանակում է, որ պատերազմի վերսկսման հավանականությունը էապես նվազում է»:
«Ի՞նչ է անելու ադրբեջանական քարոզչությունը ապագայում, որովհետեւ նա տարիներ շարունակ կերտել է թույլ հակառակորդի եւ հեշտ հաղթանակի միֆը,- հարց է տալիս ռազմական հոգեբանն ու պատասխանում:- Հիմա կարծես թե այդ միֆը երերում է, որովհետեւ կան օբյեկտիվ գործոններ, որոնք ադրբեջանցիներին այդքան լավատես լինելու հիմք չեն տալիս, եւ սա ադրբեջանական հանրույթը շատ լավ հասկանում է: Ամենայն հավանականությամբ մոտալուտ ապագայում մենք ականատես կլինենք հայ-ռուսական պայմանագրերի վարկաբեկման փորձերի: Մենք հիմա էլ ենք դա տեսնում: Նրանք փորձում են իրականությունը ցանկալի կերպով ներկայացնել, ցանկանում են տպավորություն ստեղծել, թե այդ պայմանագիրը Ադրբեջանին չի վերաբերում, թե հայ-ռուսական պայմանագրերը չեն նշանակում, որ Ադրբեջանը լիովին անտեսվելու է Ռուսաստանի կողմից եւ այլն: Այսինքն` ուզում են տպավորություն ստեղծել, թե հայ-ռուսական պայմանագրերից հետո ոչինչ չի փոխվել: Այդպես է արվելու, որպեսզի ադրբեջանցիների` պատերազմին պատրաստված լինելու դիրքորոշումները պահպանվեն»:
Իսկ Գագիկ Հարությունյանը, անդրադառնալով մեր մամուլին, ասում է, որ հայ-ռուսական պայմանագրերը դրական են ընդունվել. «Միեւնույն ժամանակ ինձ մտահոգում է մի բան. իմ տպավորությամբ` Հայաստանում Ռուսաստանի կերպարը, իմիջը բավական բացահայտված չէ: Այսինքն` շատերը մնում են Խորհրդային Միության, կայսերական հարաբերությունների միֆերի ազդեցության տակ: Ռուսաստանի իմիջը հայկական ԶԼՄ-ում կարիք ունի բացահայտման: Ռուսաստանը այն երկիրն է, որը 12 պատերազմ է վարել Թուրքիայի դեմ, ու բոլորին ակտիվ մասնակցություն են ունեցել հայերը: Դա թերեւս միակ երկիրն է, որը Հայաստանում գերեզմանոց ունի մարդկանց, որոնք զոհվել են` հանուն Հայաստանի: Այս հանգամանքները լիովին չեն բացահայտվում, եւ հայ-ռուսական հարաբերություններում, որպես կանոն, դիտարկվում են հայերի սպանությունները Ռուսաստանում եւ այլն: Ի դեպ, նշեմ, որ 2 մլն հայերի համար այդ սպանությունների թիվն անհամեմատ քիչ է, քան զոհվող ռուսների միջին վիճակագրությունը: Մեր հարաբերություններում կենտրոնանալ միայն այդ հանգամանքների վրա, այնքան էլ նպատակահարմար չէ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել