HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մեկնարկում է «Եվրո-2012»-ը

Սեպտեմբերի 3-ին մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլը: Սակայն մեկնարկ բառը հարաբերական է, քանի որ օգոստոսի 11-ին արդեն կայացել մեկ հանդիպում` Էստոնիան սեփական հարկի տակ հաղթել է Ֆարերյան կղզիներին:

Ինչպես հայտնի է, «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Լեհաստանում եւ Ուկրաինայում: 1960-ից անցկացվող մրցաշարի պատմության մեջ երրորդ դեպքն է, որ եզրափակիչ փուլն ընդունելու է ոչ թե մեկ, այլ երկու երկիր: Առաջին դեպքը եղել է 2000-ին, երբ եզրափակիչի մասնակիցներին հյուրընկալեցին Բելգիան եւ Հոլանդիան, իսկ 2008-ին համատեղ մրցաշար անցկացրին Ավստրիան եւ Շվեյցարիան: Այս անգամ եզրափակիչ փուլը տեղի կունենա լեհական Վարշավա, Գդանսկ, Պոզնան, Վրոցլավ եւ ուկրաինական Կիեւ, Դոնեցկ, Խարկով, Լվով քաղաքներում: Եզրափակիչ փուլի բացումը տեղի կունենա Վարշավայում, 2012-ի հունիսի 8-ին, իսկ եզրափակիչը` Կիեւում, հուլիսի 1-ին:

Ուկրաինան եւ Լեհաստանը` որպես կազմակերպիչներ, միանգամից կմասնակցեն եզրափակիչ փուլին, իսկ եվրոպական մյուս 51 հավաքականները բաժանվել են ընտրական խմբերի, որոնցում էլ պետք է որոշեն այն 14 երջանիկներին, որոնք կմտնեն եզրափակիչ: Կազմվել է 9 ընտրական խումբ, որոնցից 6-ում ընդգրկված է 6-ական, իսկ 3-ում` 5-ական թիմ: Խմբերում առաջին տեղ գրաված հավաքականները եւ երկրորդը դարձածներից լավագույն ցուցանիշն ունեցողը կանցնեն եզրափակիչ, իսկ երկրորդ տեղ գրաված մյուս 8 հավաքականները զույգերով կվիճարկեն մնացած 4 ուղեգրերը:

Հայաստանի հավաքականը ընդգրկվել է ընտրական B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորրայի թիմերը: Ըստ վարկանիշի, որի հիման վրա էլ կազմվել են խմբերը, Հայաստանը այս խմբում 5-րդն է, այսինքն` առաջ է միայն գաճաճ Անդորրայից:

Ընտրական խաղերը կտեւեն մեկ տարի` մինչեւ 2011-ի աշուն: Մեր ընտրանին նախկինում խաղացել է ռուսների, մակեդոնացիների եւ անդորրացիների հետ: Այսպես` Եվրոպայի 2000 թ. առաջնության ընտրական փուլում մեր թիմը Երեւանում ու Մոսկվայում պարտվել է համապատասխանաբար` 0:3 եւ 0:2 հաշիվներով: Իր պատմության ընթացքում առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում Հայաստանի հավաքականը տարել է հենց Մակեդոնիայի նկատմամբ: «Եվրո-1996»-ի ընտրական փուլում մեր թիմը Սկոպյեում, շնորհիվ Ռազմիկ Գրիգորյանի եւ Արմեն Շահգելդյանի գոլերի, հաղթեց 2:1 հաշվով, երեւանյան խաղում նույնպես աչքի էին ընկել այս ֆուտբոլիստները, սակայն խաղն ավարտվել էր 2:2: Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում էլ մակեդոնացիները իրենց հարկի տակ հաղթեցին 3:0, իսկ Երեւանում` 2:1 հաշվով: Անդորրան այն սակավաթիվ թիմերից է, ում նկատմամբ Հայաստանի ընտրանին ունի մեծ դրական հաշվեկշիռ: 4 պաշտոնական խաղերում մեր թիմը անդորրացիներին հաղթել է 3:1, 3:0, 2:1, 3:0 հաշիվներով, ընկերական խաղերից մեկն ավարտվել է 2:0, մյուսը` 0:0 հաշվով: Կարելի է ասել` Անդորրան նվեր է իր մրցակիցների համար:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն արդեն հրապարակել է թիմի ընդլայնված կազմը, որից պետք է ընտրվեն այն 18-ը, ովքեր կընդգրկվեն խաղի հայտացուցակում:

Այս տարի մեր թիմը կանցկացնի 4 հանդիպում, 2011-ին` 6: Սեպտեմբերի 3-ին «Հանրապետական» մարզադաշտում մերոնք կընդունեն Իռլանդիային, ամսի 7-ին կհյուրընկալվեն մակեդոնացիներին, հոկտեմբերի 8-ին Երեւանում կհանդիպեն սլովակներին, իսկ դրանից 4 օր անց` անդորրացիներին: Խաղերի ժամանակացույցի հաստատումից հետո մեր ֆուտբոլային գործիչները չէին թաքցնում իրենց գոհունակությունը, քանի որ առաջին խաղը պետք է տեղի ունենա մեր հարկի տակ, ինչը հոգեբանական առումով կարեւոր է: Հաշվի էին առնվում նաեւ կոնկրետ մրցակիցների հետ խաղերի ամսաթվերը: Տեղին է ասել` ֆուտբոլում մանրուք չկա: Բայց մյուս կողմից` ամեն ինչ որոշվում է կոնկրետ տվյալ խաղում. Վիճակագրությունն ու մյուս գործոնները երկրորդական են, եթե թիմը չի խաղում այնպես, ինչպես հարկն է:

Այսօր մեր թիմը չի խաղում հենց այդպիսի ֆուտբոլ: Ապացույցը Իրանի հետ երեւանյան վերջին ընկերական խաղն է` չիրացված 11 մետրանոց, հոգեբանական անկայունություն, պայքարելու ցանկության բացակայություն եւ այլն: Նպատակ չունենալով կրկին անդրադառնալ դրանց` նշենք միայն, որ այս տարի մեր ազգային ընտրանին անցակացրել է ընդամենը 3 ընկերական խաղ: Բելառուսին ու Իրանին պարտվել է 1:3 հաշվով, իսկ Ուզբեկստանին հաղթել 3:1:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter