HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Պետք չէ խանդել Ռուսաստանին»

«Հետքի» այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն փաստը, որ մի կողմից` Ռուսաստանը Հայաստանի հետ երկարաձգում է ՀՀ-ում տեղակայված իր ռազմաբազայի ժամկետը, մյուս կողմից` նույն Ռուսաստանի արտգործնախարարը չի հերքում Ադրբեջանին «C-300» վաճառելու մասին լուրերը, ՀԱՊԿ Հայաստանի ազգային բյուրոյի տնօրեն Նվեր Թորոսյանն ասում է. «Կարծում եմ` ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգումը ՀՀ-ի կողմից ճիշտ եւ ժամանակին արված քայլ էր: Դրան նախորդած սպառնալիքները, ռազմական տեխնիկայի ձեռքբերումը ու ռազմական բյուջեի ավելացումը Ադրբեջանի կողմից, մեզ ստիպում էր 1995-ին կնքված պայմանագիրը չթողնել նախկին տեսքով»: Նա նշում է, որ նախկինում ռազմաբազայի գործողության գոտի էին դիտվում նախկին ԽՍՀՄ սահմանները, սակայն հաշվի առնելով Ադրբեջանից բխող սպառնալիքները` այդ պարբերությունը հանվել է պայմանագրի տեքստից, ու, փաստորեն, ընդլայնվել է ռազմաբազայի գործունեության գոտին: «Որպեսզի ավելի լուրջ փոփոխություններ տեղի ունենային, որպեսզի նոր ռազմատեխնիկա ներդրվեր, անվտանգության ավելի կայուն երաշխիքներ լինեին, 10 տարի ժամկետը կարճ էր դրա համար, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն էր երկարաձգել պայմանագիրը»,- մեկնաբանում է Թորոսյանը:

Իսկ «C-300»-ի վաճառքի վերաբերյալ նա նշում է, որ դեռ որեւէ պաշտոնական փաստաթուղթ չկա դրա մասին, բայց նաեւ Ռուսաստանի կողմից դա չի հերքվում: «Ես կարծում եմ, որ պետք չէ խանդով վերաբերվել Ռուսաստանին, որ նա կարող է հարաբերություններ ունենալ կոնկրետ այս դեպքում Ադրբեջանի հետ: Առավել եւս, որ «C-300»-ը նախատեսված է բացառապես պաշտպանական նշանակության համար, եւ դա կարող է դիտվել ոչ միայն ռազմական հարձակումներից, այլեւ միջազգային ահաբեկչությունից պաշտպանվելու միջոց: Ի վերջո, եթե մենք ավելի իրատես լինենք, ապա ՌԴ-ի կողմից դա չվաճառվելու դեպքում Ադրբեջանը կարող է ձեռք բերել երրորդ պետությունից»:

«Բայց մամուլում շրջանառվում է այն տեսակետը, որ պաշտպանական զինատեսակ լինելով հանդերձ` «C-300»-ը խախտում է ռազմական բալանսը հակամարտող կողմերի միջեւ»,- «Հետքի» այս դիտարկմանը ՀԱՊԿ Հայաստանի ազգային բյուրոյի տնօրենը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե «C-300»-ի վաճառքն այդքան նշանակություն կունենա ռազմական բալանսը խախտելու տեսանկյունից, առավելեւս` դրանք հարձակողական զինատեսակ չեն»:

«Սակայն ըստ «C-300»-ի բնութագրի` եթե հայտնի են վերգետնյա թիրախի կոորդինատները, ապա «C-300»-ը կարող է խոցել նաեւ նման թիրախ: Այսինքն` կատարել հարձակողական գործողություն»,- շարունակեցինք մենք:

«Համենայն դեպս, եթե Ռուսաստանի կողմից մի զինատեսակ վաճառվում է Ադրբեջանին, ապա դա նախապես եւ ավելի լավ պայմաններով վաճառվում է Հայաստանին»,- նշեց Նվեր Թորոսյանը ու հավելեց, որ ոչ կարող է հաստատել, ոչ էլ հերքել վերոնշյալ վաճառքի մասին լուրերը, քանի որ պաշտոնապես ոչինչ կոնկրետ չի ասվել:

Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահները Հայաստանից մեկնեցին օգոստոսի 21-ին, եթե նշվում էր, որ գագաթնաժողովը տեւելու է ամսի 20-22-ը` Թորոսյանը նշեց, որ կարեւոր չէ` նախագահները այստեղ են, թե ոչ, ՀԱՊԿ քարտուղարության մասնագետները այսօր էլ այստեղ են ու շարունակում են աշխատել այն փաստաթղթի վրա, որը ներկայացվելու է Մոսկվայի դեկտեմբերյան պաշտոնական գագաթնաժողովին:

Նվեր Թորոսյանն ասուլիսի ընթացքում հակասեց ինքն իրեն: Նա սկզբում նշեց, թե երեւանյան գագաթնաժողովը «բարոյական հաղթանակ էր մեր հարեւան Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ներքո» ու նաեւ ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգումն անհրաժեշտություն էր, քանի որ դրան նախորդել էին Ադրբեջանի սպառնալիքները, ռազմական բյուջեն ու տեխնիկայի ավելացումը: Այնինչ ասուլիսի վերջում Թորոսյանն ասաց. «Կարծում եմ, որ մինչ այդ էլ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ներքին սպառման համար էին, որովհետեւ ոչ մի պետություն լուրջ չէր վերաբերվում դրանց, ու ինքը Ադրբեջանը, չեմ կարծում, որ այդքան տրամադրված էր ու ուզում էր պատերազմ սկսել, որքան էլ որ բարձր ամբիոններից գոռգոռում էր այդ մասին: Հրադադարի խախտման դեպքեր մինչ այս էլ եղել են, դա դեռ պատերազմի  սպառնալիք չէ: Մենք միշտ էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի` անկախ նրանից` կլինեն այդ սպառնալիքները, թե ոչ: Ադրբեջանական լրատվամիջոցները պարտվողական են համարում Ալիեւի քաղաքականությունը Կովկասում, ու կարծում եմ` ծիծաղելի կլինի այդքանից հետո, եթե Ալիեւը շարունակի իր ռազմատենչ հայտարարությունները, այսինքն` նույնիսկ ներքին սպառման համար էլ չեն օգտագործվի դրանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter