
Ըմբիշ Մալխաս Ամոյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց հունահռոմեական ոճի 72 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ առաջին ոսկին բերելով Հայաստանի հավաքականին: Եզրափակիչ գոտեմարտում Մալխաս Ամոյանը պարտության մատնեց ռուս Սերգեյ Կուտուզովին:
22-ամյա Մալխաս Ամոյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ջախջախեց նորվեգացի Հովարդ Յորգենսենին: Այնուհետև քառորդ եզրափակչում Ամոյանը 5:0 հաշվով հաղթեց Լիտվան ներկայացնող Կրիստուպաս Սլեիվային: Կիսաեզրափակիչ գոտեմարտում Հայաստանը ներկայացնող եզդի ըմբիշը 10:6 հաշվով առավելության հասավ իրանցի Մոհամադ Մոխտարիի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:
Եզրափակչում Մալխաս Ամոյանի մրցակիցը ռուս Սերգեյ Կուտուզովն էր: Այս երկու ըմբիշները միմյանց դեմ գոտեմարտել էին նաև 2021թ. գարնանը Սկոպյեում կայացած Եվրոպայի Մ23 առաջնության կիսաեզրափակչում, որտեղ ավելի ուժեղ էր գտնվել Ամոյանը: Աշխարհի ընթացիկ առաջնությունում ևս Մալխաս Ամոյանը պարտության մատնեց ռուս ըմբիշին (3:1) և հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Նշենք, որ այս քաշային կարգում բրոնզե մեդալներից մեկը բաժին հասավ Լեհաստանը ներկայացնող հայ ըմբիշ Գևորգ Սահակյանին, որը երրորդ տեղի համար գոտեմարտում պարտության մատնեց թուրք ըմբիշին:
Հավելենք, որ Մալխաս Ամոյանից առաջ Հայաստանի ներկայացուցիչներից միայն ազատ ոճային Արսեն Հարությունյանն էր կարողացել մեդալ նվաճել: 61 կգ քաշային կարգում նա արժանացել էր բրոնզե մեդալի:
Լուսանկարը՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կայքից
Մեկնաբանել