
2019-2021 թվականների համար վճարված ճանապարհային հարկի գումարները կվերադարձվեն
Ֆինանսների նախարարությունը 2019, 2020 և 2021 թվականների համար վճարված ճանապարհային հարկի գումարները վերադարձնելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները 2019թ․ հունվարի 1-ից ազատվում են Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկ վճարելու պարտավորությունից։
Սակայն ինչպես հայտնում է ֆինանսների նախարարությունը, 2019թ․ հունվարի 1-ից մինչև վերոնշյալ օրենսդրական փոփոխության կատարումը որոշ հարկ վճարողներ արդեն իսկ վճարած են եղել, իսկ 2019, 2020 և 2021 թվականների ընթացքում որոշ հարկ վճարողների կողմից շարունակվել է վճարվել ճանապարհային հարկ՝ ՀՀ-ում հաշվառված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար, ուստի՝ այդ գումարները ենթակա են վերադարձման:
Ըստ ներկայացված նախագծի՝ հարկ վճարողները իրենց գումարի վերադարձման համար պետք է դիմում ուղարկեն ֆինանսների նախարարություն, և գումարը կվերադարձվի դիմումը ներկայացնելուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ճանապարհային հարկի պարտավորության բացակայության պայմաններում վճարված ճանապարհային հարկի գումարների վերադարձը: Ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
Հավելենք, որ այս որոշման նախագիծը օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։
Մեկնաբանել