HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մարքսիստը` ՀՀՇ-ՀՀԿ-ի, դեպի Օլիմպոս թռիչքի, Ռոբին Հուդի ու վիկինգների դիվանագիտության մասին

«ՀՀՇ-ն այսօրվա հանրապետականների պրոտոտիպն է»

«ՀԱԿ-ը եւ նրանից անջատ գործող ընդդիմադիր ուժերը ոչ մի թշնամական ու հակասական հրաբերությունների մեջ չեն գտնվում,- այսօրվա մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:- Մենք ՀԱԿ-ի հետ գաղափարական եւ տակտիկական զինանոցի առումով խոր հակասությունների մեջ ենք, դրա համար մեր կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ից: Կարծում եմ, որ ՀԱԿ-ն այդպես էլ համազգային ընդդիմություն չդարձավ, եղել էր եւ մնաց ՀՀՇ-ական: Այս պարագայում ավելի շուտ եւ ավելի շատ հնարավոր է կոմունիստների ռեւանշը, քան ՀՀՇ-ականության: Եվ ՀՀՇ-ն թող չնեղանա, որ այսօրվա հանրապետականների ոչ միայն նախահայրն ու կնքահայրն է, այլ նաեւ նրանց պրոտոտիպը: Այսօրվա հանրապետականները գործում են այն նույն տակտիկական զինանոցով, ինչպես ՀՀՇ-ն իշխանության ժամանակ»:

ՀԱԿ-ի ներսում տեղի ունեցող խմորումներին, վերջին շրջանում ներքին ճամբարում ընդդիմադիր որոշ գործիչների հասցեին հնչած քննադատություններին Դ. Հակոբյանը չցանկացավ անդրադառնալ, քանի որ ասուլիսում, ըստ նրա, քննարկվում են ավելի վեհ գաղափարներ. «Խնդրում եմ ճղճիմ քաղաքական մերկանտիլիզմի գիրկը չընկնել: Բացարձակ դրան անդրադառնալու միտք չունեմ եւ անհեթեթություն է անդրադառնալը»:

«ՀԱԿ-ը հայկական քաղաքակրթությանը ոչինչ տալ չի կարող»

Խոսելով գալիք ԱԺ ընտրություններում ՀԱԿ-ի հնարավորություններին` գլխավոր մարքսիստը նշեց. «Նրանք ամեն ինչ ուզում են անել, գոնե մի 10 տոկոս վերցնել ընտրություններում, բայց դա բացարձակ ոչ մի քաղաքական էֆեկտ չի ստեղծի»:

«ՀԱԿ-ը հայկական քաղաքակրթությանը ոչինչ տալ չի կարող,- հայտարարեց Հակոբյանը` բացատրելով, որ քաղաքական դաշտում անհրաժեշտ է գաղափարական սերնդափոխություն, նոր գաղափարական հայեցակարգ:- Նոր տնտեսական քաղաքականության որդեգրումը ուղղակի պատմական անհրաժեշտություն է: Նա պետք է հանրապետության առաջին ջութակն ու առաջին դեմքը, ով կարող է լինել մեր Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, սկզբունքորեն նոր տիպի ռեֆորմատոր, նոր տեսական մտքի տեր մարդ: Նախագահի պորտֆելն ամեն մի խառախուռա թափթփուկի, այսպես կոչված «պրոստաչոկի» գործ չէ: Ես ոչ թե քննադատում եմ նախագահ անհատներին, քավ լիցի, նրանք էլ մեր երեխաներն են, այլ նրանց տեսական միտքը: Այսօր տեսական մտքի ահավոր պակաս կա»:

Թռիչք դեպի քաղաքակրթության Օլիմպոս

Մարքսիստական կուսակցությունը 2012-ի ԱԺ ընտրություններին գնալու է միայնակ: «Նոր պառլամենտական ընտրություններում, ես կարծում եմ, որ հնարավոր չէ մեր կուսակցության դաշնակցությունը որեւէ այլ քաղաքական ուժի, որովհետեւ սա կլինի մեր պայքարի էնշպիլը` վերջնակետը: Այս պառլամենտական ընտրություններում էլ կորոշվի, թե բացի լիբերալ շառլատանությունից եւ լիբերալ ավազակախմբերից, այսինքն` ձախ սոցիալիստական առանձին կուսակցություն հայոց պառլամենտարիզմի ինստիտուտ կմտնի՞, թե՞ ոչ: Որովհետեւ եթե լիբերալ խմբավորումները պառլամենտում պաշտպանում են կապիտալի շահերը, այսօր մենք այնտեղ աշխատանքի շահերը պաշտպանող ոչ մի սոցիալիստական կուսակցություն չունենք: Եվ ընտրություններին առանձին մասնակցելն ուղղակի ժամանակի հրամայական է»: Մյուս կողմից` Դ. Հակոբյանը չի տեսնում իրենց սոցիալիստական համարող այլ ուժերի հետ համագործակցությունը: Ըստ նրա` դա անհնարին է տվյալ կուսակցությունների լիդերների, տակտիկական զինանոցի եւ քաղաքական էգոիզմի, գաղափարական սնանկության պատճառով: Գլխավոր պայքարը մարքսիստները  կվարեն 2012-2013-ին` նախագահական ընտրության համար, որովհետեւ «ազգի առաջ ծառացած գլխավոր խնդիրը նոր տնտեսական քաղաքականության հայեցակարգի ճարտարապետի խնդիրն է: Եթե ազգը կարող է ծնել այդ ճարտարապետին, ուրեմն կարող է թռչել քաղաքակրթության Օլիմպոս: 2013-ի ընտրությունները կլինեն ոչ թե կուսակցական, այլ ավելի շատ գաղափարի ու անհատների պայքար»: Դավիթ Հակոբյանը պարտադիր առաջադրվելու է այդ ընտրություններում:

Ռոբին Հուդի ու վիկինգների դիվանագիտության մասին

«Ռուսների դիվանագիտությունը ԼՂ հարցի շուրջ ես որակել եմ որպես իրենց դիվանագիտական հաղթանակների զոհասեղանին ողջակիզող դիվանագիտություն, որովհետեւ մեզ պարտադրում են թուրքերի հետ բանակցել, իսկ օսերին ու աբխազներին վրացիների հետ բանակցել չեն պարտադրում: Նրանց նկատմամբ կիրառում են ռազմական, իսկ մեր նկատմամբ` քաղաքական դիվանագիտության օրենքները: Արցախյան հիմնահարցի դիվանագիտությունը ես որակել եմ որպես պարտվողական, հաշտվողական եւ պարտադրվող, իսկ երկրի անվտանգության առումով այսօրվա գործընթացները ողջունում եմ,- ներկայացնում է Դ. Հակոբյանը:- 1998-ից` վիկինգների իշխանության գալուց հետո որդեգրած դիվանագիտությունը ես համարել եմ հանցագործ, ազգակործան, դավաճանական հանցակազմով դիվանագիտություն: Հիմա Ռոբին Հուդը կարող է պարծենալ` իմ ժամանակ մենք տարածքներ չտվինք: Բայց հանցակազմը թելադրում է` դուք 1998-ից ստերիլ եք պահում այդ տարածքները եւ ամեն տարի եվրոպական մոնիտորինգի խմբերին ցուցադրում եք այդ ստերիլությունը, երբ որ թուրքերը իրենց բռնազավթած տարածքներում բնակեցնում ու բնակեցնում: Իսկ վերաբնակեցման մեր պետական կուրսը բացարձակ չկա: Ավելին ասեմ` 7 գավառները տալը նշանակում է տալ Սովետական Ղարաբաղը` 4500 քառ. կմ-ը: Այդ դիվանագիտության հետ ես երբեք չեմ հաշտվի»:

Անհո՞գ լինենք

«Հետքի» հարցին ի պատասխան` գլխավոր մարքսիստը նշեց, որ Ադրբեջանի կողմից «C-300» համակարգերի հավանական գնման առումով ինքը մտահոգված չէ, որովհետեւ, որպես ռազմաօդային  ուժերի նախկին սպա, կարծում է, որ եթե նրանց մոտ տեղակայվի  «C-300», մեզ մոտ կտեղակայվի «C-400». «Այնպես որ անհոգ եղեք, անտեղի ճամարտակությունների տեղիք թող դա չտա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter