
2021-ի դեկտեմբերի 20-ից մինչև 2022-ի հունվարի 31-ը ձմեռային զորակոչ կանցկացվի
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 2021 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը հայտարարել ձմեռային զորակոչ։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
2021-ի հոկտեմբերի 11-ից մինչև 2022-ի հունվարի 31-ը կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Բացի այդ, 2021 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ բուն ձմեռային զորակոչը կմեկնարկի 2021թ․ դեկտեմբերի 20-ին և կավարտվի 2022թ․ հունվարի 31-ին, իսկ զինծառայողների զորացրումը կմեկնարկի 2021-ի դեկտեմբերի 16-ին և կավարտվի 2022-ի հունվարի 31-ին։ Վերը նշված ավելի վաղ ժամկետները վերաբերում են ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքենրին, որը կիրականացնի հանրապետական զորակոչային հանձնաժողովը։
Հավելենք, որ այս նախագիծն ուժի մեջ կմտնի միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։
Լուսանկարը՝ արխիվային / © «Հետք»
Մեկնաբանել