HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Է. Շարմազանով. «Իմ ասելիքը Սուրիկին մամուլի միջոցով չեմ ասելու»

Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե ԼՂ հարցով բանակցությունները գտնվում են վճռական փուլում ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեկնաբանում է այսպես. «Առաջին անգամ չէ, որ Ալիեւը անհեթեթություն է խոսում: Բոլորը պետք է հասկանան, որ վճռական փուլում լինելու համար Լեռնային Ղարաբաղը պիտի լինի բանակցությունների լիիրավ կողմ: Առանց ԼՂ-ի ղեկավարության ու ժողովրդի որեւէ մեկը չի կարող որոշել ԼՂ-ի ճակատագիրը: Հայաստանի իշխանությունը ասել է` Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: ԼՂՀ-ն այսօր շատ նորմալ, զարգացող ժողովրդավարական հանրապետություն է, հարկ եղած դեպքում ժողովրդավարության դասեր կտա Ադրբեջանին, սակայն շատ խիստ կասկածում եմ` նրանց սուլթանը կհասկանա, թե չէ: Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում»:

Այն գործիչները, ովքեր ասում են, թե Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու միանա որեւէ արեւմտյան բլոկի, ըստ Շարմազանովի, լավ չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ եւ դիտմամբ կեղծում են մեր պետության առաջնահերթությունները:

«Պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել: Ես հասկանում եմ, որ ընդդիմությունը պետք է քննադատի, բարձր խոսի,- ասում է իշխանության ներկայացուցիչը,- բայց մեր կարծիքը նույնն է. մենք երբեք չենք ասել, որ մենք պիտի ուժեղ ազգային անվտանգություն չունենանք: Սերժ Սարգսյանի նախընտրական կամպանիայի ժամանակ մենք, ի տարբերության էսօրվա ընդդիմության, խոսում էինք ազգային անվտանգության ուժեղացման, իսկ որոշ մարդիկ` քիրվայության եւ այլ բաների մասին»:

ԱԺ պատագամավորն նշում է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են ՌԴ-ի ջանքերը ԼՂ խնդիրը կարգավորելու հարցում, եւ Դմիտրի Մեդվեդեւի սանկտպետերբուրգյան առաջարկությունները հիմնականում ընկալելի են հայկական կողմի համար, սակայն դրան շատ վատ է արձագանքել ադրբեջանական կողմը:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագը, Է. Շարմազանովի համոզմամբ, ընդամենը շոու է. «Որպես ՀՀ քաղաքացի այդ օրը ես չեմ գնա Արեւմտյան Հայաստան, որովհետեւ չեմ ուզում մասնակիցը լինելը Թուրքիայի վերնախավի կազմակերպած շոու-միջոցառմանը: Թուրքերը ոչ թե գործ են անում, այլ իմիտացիա: Առաջին հերթին թուրքերը պիտի 301 հոդվածը հանեն, հստակ պատիժ տան Հրանտ Դինքին սպանողին, Օրհան Փամուկին ազգի թշնամի չհամարեն, ընդունեն ու գիտակցեն, որ եղել է ցեղասպանություն, վերացնեն Կիպրոսի օկուպացիան»:

ՀՀԿ անդամն անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցությունից իր ընկեր Սուրեն Սուրենյանցի` քաղաքականությունից դուրս գալու մասին հայտարարությանը, ասում է. «Դա Սուրիկի որոշելու խնդիրն է: Նա իմ ուսանողական ընկերն է, իսկ ես մարդկային հարաբերությունները շատ բարձր եմ գնահատում, նույնիսկ նախագահական կամպանիայի այն թեժ պահերին ես երբեք իմ ընկերներից չեմ հրաժարվել ու չեմ հրաժարվում: Իմ ասելիքը նրան մամուլի միջոցով չեմ ասելու: Իրեն կտեսնեմ, կխոսեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter