
Հայաստանի ընտրանին նահանջել է մեկ հորիզոնական եւ աշխարհում 89-րդն է
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման սեպտեմբեր ամսվա վարկանիշային ցուցակը։ Հայաստանի ընտրանին օգոստոսի համեմատ նահանջել է մեկ հորիզոնական ու հիմա 89-րդ տեղում է 1262 վարկանիշային միավորով։ Հիշեցնենք, որ հաշվետու ընթացքում մեր հավաքականը 0-0 է խաղացել Հս․ Մակեդոնիայի հետ, 0-6 հաշվով պարտվել Գերմանիային եւ 1-1 խաղացել Լիխտենշտայնի հետ։
Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Բրազիլիան, Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Արգենտինան, Պորտուգալիան, Իսպանիան, Մեքսիկան, Դանիան։
Աշխարհի 2022 թ․ առաջնության ընտրական 10-րդ խմբում Հայաստանի մրցակիցներից լավագույն ցուցանիշն ունի Գերմանիան, որը 14-րդն է, Ռումինիան 42-րդն է, Իսլանդիան 60-րդ տեղում է, Հս․ Մակեդոնիան՝ 74-րդ, իսկ Լիխտենշտայնը՝ 188-րդ։
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքը Ուկրաինայինն է՝ 27-րդ հորիզոնական, Ռուսաստանը զբաղեցնում է 37-րդ տեղը, Ուզբեկստանն էլ 84-րդն է։ Մնացած երկրները զիջում են Հայաստանին։
Մեր հարեւաններից ամեբարձր դիրքում Իրանն է՝ 22-րդ տեղ, Թուրքիան 41-րդն է, Վրաստանը՝ 96-րդ, իսկ Ադրբեջանը՝ 117-րդ։
Հաջորդ վարկանիշային աղյուսակը ՖԻՖԱ-ն կհրապարակի հոկտեմբերի 21-ին։
Մեկնաբանել