
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. կազմում կա 1 հայ
Լիբանանի նախագահ Միշել Աունը հաստատել է ազգային փրկության կառավարության կազմը, որը կզբաղվի բարեփոխումների իրականացմամբ և Բեյրութի վերակառուցմամբ, որն էապես տուժել էր նախորդ տարվա օգոստոսին նավահանգստում տեղի ունեցած պայթյունից։ Բաաբդա պալատում հանդես գալով լրագրողների առաջ՝ վարչապետի աշխատակազմի քարտուղար Մահմուդ Մեքիան հայտարարել է, որ նախագահը ստորագրել է վարչապետ Նաջիբ Միքաթիի կառավարության կազմի նշանակման մասին հրամանագիրը։
«Կառավարությունը բաղկացած է 24 նախարարներից, փոխվարչապետ է նշանակվել Սաադի Շադին»,- նշել է Մեքիան։ Վերջինիս խոսքերով՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է Աբդալա Բու Հաբիբը (քրիստոնյա մարոնի), պաշտպանության նախարար է դարձել Մորիս Սլիմը (ուղղափառ քրիստոնյա), ֆինանսների նախարար՝ Յուսեֆ Հալիլը (շիա մուսուլման), իսկ ներքին գործերի նախարար՝ գեներալ Բասամ Մավլավին (սուննի մուսուլման)։ Կառավարության միակ հայազգի նախարար է նշանակվել Ջորջ Պուճիքյանը, որը կզբաղեցնի արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Ավանդաբար, Լիբանանի հայ համայնքն իր տեղն ունի կառավարության կազմում։ Թեկնածությունն առաջադրել է ՀՅԴ-ն։
Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հիմնական բանակցող կլինի էկոնոմիկայի նորանշանակ նախարար Ամին Սալյամը, իսկ դատական բարեփոխումներով կզբաղվի արդարադատության նորանշանակ նախարար Հենրի Խուրին։ Տեղեկատվության նախարար է նշանակվել Ջորջ Քարդահին, իսկ առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Լիբանանի պետական համալսարանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ֆիրաս Աբյադը, որը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ժամանակ մեծ հեղինակություն է ձեռք բերել Լիբանանի բնակչության շրջանում։
Ավելի վաղ, վարչապետ Նաջիբ Միքաթին Lebanon 24 հեռուստաընկերությանը հաստատել էր, որ քաղաքական ուժերից որևէ մեկն իր նոր կաբինետում չունի արգելափակող ձայների մեկ երրորդը։ Այդ հայտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ Ազատ հայրենասիրական շարժման առաջնորդ և նախագահի փեսա Ջեբրան Բասիլը պահանջել էր իր աջակիցներին տրամադրել նախարարական մանդատներից 12-ը։
Լիբանանում քաղաքական ճգնաժամը սրվել էր նախորդ տարվա օգոստոսի վերջին, երբ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել Հասան Դիաբը։ Հաջորդած վարչապետ Մուսթաֆա Ադիբը չկարողացավ ձևավորել կառավարություն։ Արդյունքում, նախորդ տարվա հոկտեմբերին խորհրդարանը նախկին վարչապետ Սաադ Հարիրիին խնդրեց վերադառնալ, որը 2019 թվականի բողոքի ցույցերի արդյունքում հրաժարական էր տվել։
Արդեն երկու տարի է Լիբանանում չեն դադարում բողոքի ցույցերն ու գործադուլները, որոնք կապված են տնտեսական ծանր իրավիճակի հետ, այդ թվում՝ գնաճ և գործազրկություն։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Լիբանանն ապրում է համաշխարհային պատմության ամենածանր տնտեսական ճգնաժամերից մեկը։
Լուսանկարը՝ REUTERS/Mohamed Azakir
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել