Մեքենան բախվել է ժայռաբեկորին. ուղեւորը մահացել է
Երեկ՝ ժամը 10:51-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ոստիկանությունից տեղեկություն է ստացել, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում` Ջուջևան գյուղի մոտ, տեղի ունեցել ավտոպատահար, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2102» մակնիշի 29 SU 911 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ժայռաբեկորին:
Պատահարի հետևանքով վարորդ` 1975 թ. ծնված Ս. Խաչիկյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Նոյեմբերյանի հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը միջին ծանրության է:
Ձևախախտված ավտոմեքենայում արգելափակված ուղևորը` Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փ/ծ ավագ սերժանտ, 1973 թ. ծնված Սմբատ Գուլքանյանը, մինչև հրշեջ-փրկարարների կողմից ավտոմեքենայից դուրս բերվելը, ստացած վնասվածքներից մահացել է: Այս մասին հայտնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել