HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության արտոնյալները. խոշոր գործարարներ և նախկին պաշտոնյաներ

Կառավարության համար գերակա համարվող ոլորտներում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիրը հաճախ ներմուծման մաքսատուրքից ազատում է ներդրողներին։ Գերակա ոլորտներ են համարվում արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տրանսպորտը և կապը։ Մենք ուսումնասիրել ենք վերջին մեկ տարվա ընթացքում կառավարության կիրառած արտոնությունների մասին որոշումները՝ հասկանալու համար, թե ովքեր են կառավարության արտոնյալները։ 

2020թ․ սեպտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոսը կառավարությունը, ընդհանուր առմամբ, մաքսատուրքից ազատման 31 արտոնություն է տվել 29 տնտեսվարողի։ Այդ 31 արտոնություններից 5-ը բաժին են հասել Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերություններին։ Մաքսային արտոնություն են ստացել նաև նախկին պաշտոնյաներին, այլ երկրների քաղաքացիներին պատկանող, ինչպես նաև սնանկության եզրին կանգնած ընկերություններ։  

 

Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերություններին տրված արտոնությունները

Astghik Aleksanyan Samvel.jpeg (75 KB)

Սամվել և Աստղիկ Ալեքսանյանները

2020թ․ նոյեմբերի 30-ին կառավարությունն առանց նիստ գումարելու և որոշման նախագծերը հրապարակելու արտոնություն է տվել 4 ընկերության, որոնցից 2-ը նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերություններ են։

Կառավարության որոշման համաձայն՝ «Էյ Բի Սի Տեքստիլ» ՍՊԸ-ն ստացել է ներմուծման մաքսատուքրից ազատման արտոնություն։ Համաձայն որոշման հավելվածի՝ ընկերությունը հիմնականում Չինաստանից, Իրանից և ԵՄ-ից տեքստիլ արտադրության համար պետք է հումք ներմուծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 4 միլիարդ դրամ։

Գործադիրի մյուս որոշման համաձայն՝ «Անիթեքս» ՍՊԸ-ն անկողնային պարագաների արտադրության համար հիմնականում Չինաստանից և Հնդկաստանի հումք պետք է ներմուծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 3 միլիարդ դրամ։ Այս դեպքում ևս ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքից։

«Էյ Բի Սի Տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ընկերության բաժնեմասի 80%-ը պատկանում է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում գրանցված «Նաթքոմ Լիմիթեդ» ընկերությանը, իսկ 20%-ը Երևանում գրանցված «Քոթոնթինա» ՍՊԸ-ին։ Կիպրոսի ռեգիստրի տվյալներով՝ «Նաթքոմ Լիմիթեդ» ընկերության 40% բաժնեմասը Աստղիկ Ալեքսանյանինն է, 30-ական տոկոս բաժնեմաս ունեն Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթյուր Նազարեանի որդիները՝ Փիթըր և Գարի Նազարեանները:

Կառավարությունն ընկերությանը տարբեր տարիների ևս մի շարք արտոնություններ է տվել․ խոսքը և՛ մաքսատուրքից ազատելու, և՛ հարկային պարտավորությունները հետաձգելու մասին է (1, 2, 3, 4, 5):

Ինչ վերաբերում է «Անիթեքս» ՍՊԸ-ին, ապա այն հիմնադրվել է 2017 թվականի օգոստոսի 15-ին։ Ընկերության միակ սեփականատերը նույն «Նաթքոմ Լիմիթեդ» ընկերությունն է։ «Անիթեքս» ՍՊԸ-ն կառավարությունից արտոնություններ է ստացել նաև 2018թ․ ապրիլին և հունիսին, ինչպես նաև 2020 թվականի հունվարին։

Այս տարվա մարտի 18-ին կառավարությունը հերթական արտոնությունն է տվել նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող ընկերությանը, սակայն այս անգամ ոչ թե տեքստիլի արտադրությամբ զբաղվող, այլ ծխախոտի։ Գործադիրի որոշմամբ՝ «Լեքս Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ին տրվել է մաքսատուրից ազատման արտոնություն։

Ըստ որոշման հավելվածի՝ ընկերությունը մի շարք երկրներից ծխախոտի արտադրության համար պետք է հումք ներմուծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 12,4 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմել է 1,1 միլիարդ դրամ։

«Լեքս Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականի մայիսին, ընկերության միակ սեփականատերը Աստղիկ Ալեքսանյանն է։ Եվ չնայած, որ ընկերությունը փաստացի ծխախոտի արտադրությամբ է զբաղվում, ՊԵԿ-ի տվյալներով՝ այն գործունեություն է ծավալում անշարժ գույքի շուկայում։

Հուլիս ամսին կառավարությունը կրկին երկու արտոնություն է տվել Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող երկու ընկերությունների։ Նախ հուլիսի 1-ի որոշմամբ՝ մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն։ Ինչպես նշված է որոշման հավելվածում, ընկերությունը զուգագուլպայի արտադրության համար հումք պետք է ներմուծեր մի շարք երկրներից։ Ներմուծված հումքի ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիարդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը 106 միլիոն դրամ։ 

«Ալեքս Տեքստիլը» արտոնություններ էր ստացել նաև 2018 և 2019 թվականներին։

Հուլիսի 28-ին էլ կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատվել է «Տեքսաս Փրոդաքշըն» ՓԲԸ-ն, որի բաժնետերերն են Աստղիկ Ալեքսանյանն ու Բուլղարիայում գրանցված «Կայֆ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հագուստի արտադրության համար մի քանի երկրներից պետք է ապրանք ներմուծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1 միլիարդ դրամ, իսկ մաքսատուրքի արտոնությունը գնահատվել է 52 միլիոն դրամ։ 

Այս ընկերությունը ևս կառավարությունից արտոնություններ է ստացել նաև 2018 և 2019 թվականներին։

Նկատենք, որ միայն վերջին մեկ տարվա ընթացքում Աստղիկ Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունները ՀՀ կառավարությունից ստացել են 5 արտոնություն։

Նախկին պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններին տրված արտոնությունները

2020թ․ հոկտեմբերի  15-ի կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել «Կապավոր» ՍՊԸ-ն։ Ըստ որոշման հավելվածի՝ ընկերությունը Չինաստանից պետք է ներմուծեր CAT 336-07 մոդելի ցեպավոր էքսկավատոր՝ մոտ 109 մլն դրամ արժողությամբ։

«Կապավոր» ՍՊԸ-ն ճանապարհաշինական հայտնի ընկերություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին Արցախում։ Ընկերության սեփականատերերը Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի զավակներն են՝ Արման Հակոբջանյանը (93,75%), Արայիկ Հակոբջանյանն (3,75%) ու Լիլիթ Հակոբջանյանը (2,5%)։ Վերջինս Արցախի Հանրապետության նախագահի առողջապահության հարցերով խորհրդականն է՝ հասարակական հիմունքներով։

Այս ընկերությունը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել նաև 2021թ․ ապրիլի 8-ին։ Ըստ կառավարության որոշման հավելվածի՝ «Կապավոր» ՍՊԸ-ն Չինաստանից պետք է ներմուծեր 10 հատ CAT 428-07 մակնիշի էքսկավատոր-ամբարձիչ, որոնց ընդհանուր արժեքը 380 միլիոն դրամ է։

2017 թվականի և 2020թ․ մայիս ամիսներին նույնպես «Կապավոր» ՍՊԸ-ն կառավարությունից արտոնություններ է ստացել։

«Կապավոր» ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացի ակտիվ մասնակից է Հայաստանի և Արցախի Հանրապետություններում։ Կառավարությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն՝ ընկերությունը ճանապարհաշինական աշխատանքներ է կատարել Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններում։

Այժմ «Կապավոր» ՍՊԸ-ն ներգրավված է Արցախի տեղահանված բնակիչների համար նոր տներ կառուցելու աշխատանքներում։

2020-ի հոկտեմբերին տրված վերջին արտոնությունը բաժին է հասել «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ին, որը 2014 թվականին հիմնադրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգյսանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանն ու նրա եղբայրը Աբել Ղարիբյանը։

Այս ընկերությունը զբաղվում է վարդերի աճեցմամբ։ Նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին տրված արտոնությամբ՝ «Արմյանսկիյ Ուրաժայն» ազատվել է ներմուծման մաքսատուրքից։ Ըստ որոշման հավելվածի՝ ընկերությունը Եվրամիության երկրներից պետք է ներմուծեր ջերմոցներ, վարդի սածիլներ և հանքաբամբակներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 6 մլրդ 824 միլիոն դրամ։

Սա «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերության ստացած միակ արտոնությունը չի եղել։ Գործադիրը տարրբեր տարիների կամ ընկերությանն ազատել է մաքսատուքրից կամ հետաձգել հարկային պարտավորությունների կատարումը (1, 2, 3, 4, 5):

Aram Gharibyan.jpeg (81 KB)

Արամ Ղարիբյանը

Ինչպես արդեն նշեցինք, ընկերությունը հիմնել են Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Արամ Ղարիբյանն ու նրա եղբայր Աբել Ղարիբյանը, սակայն վերջիններս այլևս բաժնեմաս չունեն ընկերությունում։ Այժմ ընկերության 33,66% բաժնեմասը պատկանում է Արամ և Աբել Ղարիբյանների եղբորորդիներին՝ Արա և Մարկոս Ղարիբյաններին։

32,66%-ը պատկանում է Արմեն Սանդոյանին, իսկ մնացած 33,68%-ը Շվեդիայում գրանցված «Օդեսսնուս ԱԲ» ընկերությանը, որը զբաղվում է սնյուսների (անծուխ ծխախոտ) օնլայն վաճառքով։ Այս ընկերության տնօրենների խորհրդում ևս հայեր են։

2020-ի դեկտեմբերին կառավարությունից ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել երկու ընկերություն։ Առաջինը՝ Արցախ Հանրապետությունում գործունեություն ծավալող «Ար․ Տոբակո» ՓԲԸ-ն է։ Ընկերությունը ծխածոտի արտադրության համար հիմնականում եվրոպական մի շարք երկրներից պետք է հումք ներմուծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 33 միլիարդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատումը գնահատվել է 1,7 մլրդ դրամ։

«Ար․ Տոբակո» ՓԲԸ-ի սեփականատերերից մեկը ռուսաստանաբնակ հայ գործարար, ծնունդով Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից Համլետ Վաչենանցն է, իսկ մյուս սեփականատերը՝ Գարիկ Աթայանը, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մերձավոր շրջապատի գործարար Միքայել Աթայանի եղբորորդին է։

2021 թվականին կառավարության կողմից առաջին արտոնությունը ստացել է «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ն։ Գործադիրի փետրվարի 25-ի որոշմամբ ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքից։ Ըստ որոշման նախագծի՝ «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ն տղամարդու և կանացի կոշիկի արտադրության համար Իտալիայից պետք է հումք ներմուծեր՝ մոտ 32 միլիոն դրամ արժեքով։

Ի դեպ, թեպետ կառավարության որոշման նախագծում նշված է, որ ընկերությունը կոշիկի արտադրությամբ է զբաղվում, սակայն հարկ է նշել, որ ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ որպես «Դամալա Գրուպի» գործունեության տեսակ՝ նշված է բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում։

serge sofoyan.jpeg (229 KB)

Հովհաննես և Սերգե Սոֆոյանները

«Դամալա Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականի հուլիսին։ Մինչև 2020 թվականի հունիսը ընկերության միակ սեփականատերը եղել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդին՝ Սերգե Սոֆոյանը, սակայն վերջինս իր բաժնեմասի 50 %-ը փոխանցել է «Տեքս» ՓԲԸ-ին, որի սեփականատերը Վարդան Վարդանյանն է։

2021-ի ապրիլի 8-ին կառավարության կողմից ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել հանրապետության խոշոր հանքարդյունաբերող ընկերություններից մեկը «ՄԼ Մայնինգը», որը հանքեր է շահագործում Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում։

Ինչպես նշված է կառավարության որոշման հավելվածում, «ՄԼ Մայնինգը» ՍՊԸ-ն օտարերկրյա մի շարք պետություններից արդյունահանման աշխատանքների համար տեխնիկա պետք է ներմուծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 3,7 մլրդ դրամ, իսկ մաքսային արտոնությունը՝ 311 մլն դրամ։

«ՄԼ Մայնինգը» առաջին անգամ չէ, որ օգտվում է կառավարության արտոնություններից։ Այս ընկերությունը գործադիրից արտոնություն է ստացել նաև 2017 (1,2), 2018 և 2019 թվականներին։

davit sukiasyan.jpeg (51 KB)

Դավիթ Սուքիասյանը

«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003 թվականին: 2010 թվականից ընկերության միակ սեփականատերը Դավիթ Սուքիասյանն է, որ 2017-2020 թվականներին զբաղեցրել նախ Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարի, ապա նաև գլխավոր քարտուղարի պաշտոնները։

Այս տարվա մայիս ամսին կառավարությունը ոչ մի տնտեսվարողի արտոնություն չի տվել, իսկ հունիս ամսին մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել «Բարի Արև» ՍՊԸ-ին, որը զբաղվում է արևային կայանների կառուցմամբ և շահագործմամբ։

Ըստ որոշման հավելվածի՝ ընկերությունը արևային կայանների կառուցման համար Չինաստանից 718 միլիոն դրամ ընդհանուր արժեքով ապրանք պետք է ներմուծեր, իսկ գործադիրի տված մաքսատուրքի արտոնությունը կազմել է 67 միլիոն դրամ։

Tigran_Hayk.png (164 KB)

Հայկ Հարությունյանն ու Տիգրան Կարապետյանը

«Բարի Արև» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերության 19% տոկոս բաժնեմասը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդուն՝ Տիգրան Կարապետյանին։ 41% բաժնեմասը պատկանում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար (2014-2018թթ․) Հայկ Հարությունյանին։ 

Հայկ Հարությունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դստեր ամուսինն է, ԱԱԾ նախկին փոխտնօրեն, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր Արզուման Հարությունյանի որդին։ Մնացած 40% բաժնեմասն էլ պատկանում է Արմեն Ղարիբյանին։

Սնանկության եզրին կանգնած և հետախուզվող ընկերությանը կառավարությունը մաքսային արտոնություն է տվել

2020թ․ հոկտեմբերի 1-ի որոշմամբ՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է տրվել «Այ Պլաստ» ընկերությանը, որը զբաղվում է վիրաբուժական պարագաների արտադրությամբ։ Կառավարության որոշման հավելավածում նշված է, որ ընկերությունն իր արտադրության համար Չինաստանից պետք է ներմուծեր 33 միլիոն դրամի անհրաժեշտ պարագաներ։

Այս ընկերությունը կառավարության արտոնություններից օգտվել է նաև 2017 և 2019 թվականներին։

«Այ Պլաստ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թվականի հունիսին։ Ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը Հարութ Գասպարն է։

2021թ․ փետրվարի 17-ին «Գազել Ֆինանս» վարկային կազմակերպությունը «Այ Պլաստ» ՍՊԸ-ին սնանակ ճանաչելու պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան։ Սնանկության դատարանի՝ 2021թ․ մայիսի 10-ի որոշմամբ «Այ Պլաստ» ՍՊԸ-ի գույքի, հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ «Դատալեքսում» առկա տեղեկատվության համաձայն՝ պարտապան հանդիսացող «Այ Պլաստ» ընկերության տնօրեն Հարութ Գասպարի գտնվելու վայրը հայտնի չէ, այդ պատճառով նա ընկերության սնանկությունը վիճարկելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել, և հենց դրա համար էլ գույքի և փաստաթղթերի նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Թուրքիայի քաղաքացու ընկերությանը կառավարությունը մաքսային արտոնություն է տվել

Կառավարության մարտի 4-ի որոշմամբ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել «Մուրադ-սար» ՍՊԸ-ն։ Ինչպես նշված է գործադիրի որոշման հավելվածում, ընկերությունը մի շարք երկրներից դռների և պատուհանների արտադրության համար հումք պետք է ներմուծեր՝ ընդհանուր 6 մլրդ 123 միլիոն դրամ արժեքով, իսկ ներմուծման մաքսատուրքից արտոնությունը գնահատվել է 378 միլիոն դրամ։ 

Այս ընկերությունը կառավարությունից ևս մեկ արտոնություն ստացել էր նաև 2020 թվականի մարտին։ Կրկին արտերկրից հումք ներմուծելու համար գործադիրը «Մուրադ-սար» ՍՊԸ-ին ազատել էր 86 միլիոն դրամ մաքսատուրքի վճարից։

2021թ․ մարտին կառավարության մամուլի ծառայությունը ռեպորտաժ էր պատրաստել այս ընկերության գործունեության մասին։

«Մուրադ-սար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին։ 2004 թվականից ընկերության միակ սեփականատերը Թուրքիայի քաղաքացի Մուրադ Սարայլըն է։

Այլ ընկերություններ, որոնք արտոնություն են ստացել կառավարությունից

2020թ․ հոկտեմբերի 26-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել «Վանսևան» ՍՊԸ-ին, որը Արմավիրի մարզի Արաքս համայնքում զբաղվում է գինու արտադրությամբ։ Ինչպես նշված է կառավարության որոշման հավելվածում, ընկերությունը պետք է Ֆրանսիայից ընդհանուր 42 միլիոն դրամի ապակե շշեր ներմուծեր։

Այս ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականի մայիսին։ Սեփականատերն ու տնօրենը Սուսաննա Դավոյանն է, իսկ ընկերության ապրանքանիշը «Ոսկենի» գինիներն են։

Կառավարությունն այս ընկերությանը արտոնություն էր տվել նաև 2018 թվականի փետրվարին։

Կառավարության 2020թ․ հոկտեմբերի 26-ի մեկ այլ որոշմամբ՝ ներմուծման մաքսատուրքից ազատվել է «Ղալբուրջյան Գրուպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է բուսական յուղի արտադրությամբ։ Ըստ կառավարության որոշման հավելվածի՝ ընկերությունը իր արտադրության համար եվրոպական, ասիական և աֆրիկյան մի շարք երկրներից պետք է ներմուծեր ձիթապտղի յուղ, արմավի օշարակ, քունջութի սերմեր, շշեր և խցաններ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 236 միլիոն դրամ։

«Ղալբուրջյան Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ընկերության 45% բաժնեմասի սեփականատերը Զոհրաբ Ղալբուրջյանն է։ 45% բաժնեմաս ունի նաև նրա որդին՝ Հարութ Ղալբուրջյանը, մնացած 10% բաժնեմասը պատկանում է մյուս որդուն՝ Վարդան Խալպուրճյանին։

2020թ. hոկտեմբերի 26-ի մեկ այլ որոշմամբ՝ կառավարությունից ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել «Մոդեռնա» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է արտոնություն ստանալուց երկու ամիս առաջ` օգոստոսին։

Սպունգի արտադրության համար, ինչպես նշված է կառավարության որոշման հավելվածում, «Մոդեռնա» ՍՊԸ-ն Հունգարիայից, Չինաստանից և Թայվանից պետք է ներկրեր սիլիկոն, գունանյութեր և կատալիզատորներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 127 միլիոն դրամ։

Ընկերության սեփականատերն ու տնօրենը Գառնիկ Նիկողոսյանն է։

2020 թվականի սեպտեմբերին կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն է տվել «Սթարմեդ» ՓԲԸ-ին, որը Չինաստանից պետք է հումք ներմուծեր բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար։ Ըստ կառավարության 2020թ․ սեպտեբերի 24-ի որոշման հավելվածի՝ ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 24 միլիոն դրամ։

«Սթարմեդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է կառավարության կողմից արտոնություն ստանալուց ուղիղ երեք ամիս առաջ՝ հունիսի 24-ին` կորոնավիրուսի տարածման ամենաթեժ շրջանում։ Ընկերության հիմնադիրն ու սեփականատերը Անի Գյոդակյանն է։ «Սթարմեդ» ՓԲԸ-ի գրանցման և գործունեության հասցեն Երևանի Վերին Անտառային փողոցում է։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ ընկերությունը զբաղվում է հագուստի և այլ պարագաների արտադրությամբ։

2020 թվականի նոյեմբերի 18-ին կառավարության որոշմամբ՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել «Օվալ Պլաստիկ» ընկերությունը, որը զբաղվում է պլաստամսե տարաների արտադրությամբ։

Կառավարության որոշման հավելվածի համաձայն՝ ընկերությունը Իրանից, Չինաստանից, Սաուդյան Արաբիայից և մի քանի այլ երկրներից պետք է ներմուծեր պոլիէթիլեն և պոլիպրոպիլեն, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3 մլրդ 340 միլիոն դրամ։

«Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին, ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը Վարուժան Խալաթյանն է։ 

Այս ընկերությունը նաև պետական գնումների մասնակցության փորձ ունի։ «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ն 2018-2021 թվականներն ընկած ժամանակահատվածում 4 պայմանագիր է կնքել պաշտպանության նախարարության հետ՝ մատակարարելով խմելու ջրի տարաներ և տափաշշեր։

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմով պայմանավորված ՀՀ կառավարությունը 2020թ․ սեպտեմբերի 24-ից մինչև 2020թ․ նոյեմբերի 26-ը նիստեր չի գումարել, սակայն կառավարության որոշումներ ընդունվել են, չնայած որ որոշման նախագծերը չեն հրապարակվել։ Վերը նշված արտոնությունները տրվել են հենց այդ ժամանակահատվածում:

Կառավարության 2020թ․ նոյեմբերի 26-ի որոշմամբ՝ մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել պողպատյա խողովակների արտադրությամբ զբաղվող «Մետալ Ստիլ» ՓԲԸ-ն։

Ընկերությունը իր խողովակների արտադրության համար պետք է տարատեսակ նյութեր և սարքեր ներմուծեր մի շարք երկրներից։ Ներմուծված հումքի ընդհանուր արժեքը կազմել է 390 միլիոն դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 32 միլիոն դրամ։

«Մետալ Ստիլ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին, ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը Նորիկ Հակոբջանյանն է։

2020-ի նոյեմբերին արտոնություն ստացած հաջորդ ընկերությունը «ԱԱՍ ինդուստրյա» ՍՊԸ-ն է։ Այս ընկերությանը կառավարությունն ազատել է ալյումինե նրբաթիթեղի ներմուծման մաքսատուրքից։ Այդ հումքը ընկերությունը պետք է ներմուծեր Իրանից, Չինաստանից, Ճապոնիայից, Կորեայից և Հնդկաստանից։ Ընդհանուր արժեքը կազմել է 1,5 միլիարդ դրամ։

«ԱԱՍ ինդուստրյա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին և զբաղվում է ջերմազգայուն թղթերի արտադրությամբ։ Ընկերությունն ունի երեք սեփականատեր՝ Սարգիս Վարդումյան (34%), Արամ Ստեփանյան (33%) և Ռոզա Գելոյան (33%)։ 

Ընկերությունը կառավարությունից արտոնություն է ստացել նաև 2017 և 2018 թվականներին։

Կառավարության 2020թ․ նոյեմբերի 30-ի որոշմամբ՝ արտոնություն է ստացել նաև «Թերմորեքս» ՓԲԸ-ն, որը զբաղվում է էլեկտրաբաշխիչ և կարգավորիչ սարքերի արտադրությամբ։ Այդ որոշման հավելվածի մեջ նշված է, որ ընկերությունը Չինաստանից 95 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ հումք պետք է ներմուծեր իր արտադրության համար, սակայն 2021 թվականի հունվարի 21-ին կառավարությունը փոփոխություններ է կատարել այդ որոշման մեջ, որից պարզ է դառնում, որ ներմուծվող հումքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 107 միլիոն դրամ։ Գործադիրն այս ընկերությանն ազատել է ներմուծման մաքսատուրքից։ «Թերմոքրեքս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին, ընկերության բաժնետերրի մասին իրավաբանական անձանց ռեգիստրում տվյալներ չկան։

2020թ․ նոյեմբերին արտոնություն ստացած վերջին ընկերությունը «Ռոք Բերի» ՍՊԸ-ն է, որը Կոտայքի մարզի Կամարիս համայնքում զբաղվում է ելակի և ազնվամորու աճեցմամբ։ Գործադիրի որոշման հավելվածում ասվում է, որ «Ռոք Բերի» ՍՊԸ-ն Ֆրանսիայից, Նիդերլանդներից և Մեծ Բրիտանիայից պետք է ներմուծի արհեստական լուսավորության համակարգեր՝ ընդհանուր 44 միլիոն դրամ արժեքով։

«Ռոք Բերի» ՍՊԸ-ն կառավարությունից մեկ արտոնություն է ստացել 2021թ․ ապրիլին։ Այդ որոշման հավելվածի համաձայն՝ ընկերությունը Եվրամիությունից (կոնկերտ երկիրը նշված չէ) պետք է ներմուծեր սածիլներ և ջերմատնային կոմպլեքսներ 1,7 մլրդ ընդհանուր արժեքով։ Գործադիրն այս ընկերությանն ազատել է ներմուծման մաքսատուրքի վճարումից։

«Ռոք Բերին» արտոնությունից օգտվել է նաև 2018 թվականին։ 

Այս ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերին։ Ընկերության 82,76 % բաժնեմասը պատկանում է Լիլիթ Մուրադյանին, իսկ 17,24 % բաժնեմասը՝ Բելգիայի քաղաքացի Կիրկոր Օնքյուրին։

2020թ․ օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Ռոք Բերի» ընկերության՝ Կամարիս համայնքում գտնվող ջերմատներ։

Ապրիլի 8-ին կառավարությունից ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել նաև «Բետոնագործ» ՓԲԸ-ն։ Որոշման հավելվածի համաձայն՝ ընկերությունը մի շարք երկրներից մետղապլաստե իրերի արտադրության համար պետք է հումք ներմուծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 2,2 միլիարդ դրամ, իսկ կառավարության կիրառած արտոնությունը կազմել է 149 միլիոն դրամ։

«Բետոնագործ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1999 թվականին։ Ընկերության սեփականատերն ու տնօրենը Արթուր Քալանթարյանն է։ 

Ապրիլի 22-ին գործադիրից մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել նաև «Գարեգին Հակոբյան Նորայելի» անհատ ձեռնարկատերը։ Ըստ կառավարության որոշման նախագծի՝ նա ներմուծվող ապրանքներն օգտագործելու է Տավուշի մարզում՝ զբոսաշրջության ոլորտում։ Ինչպես նշված է որոշման հավելվածում, անհատ ձեռնարկատերը Չինաստանից պետք է ներմուծեր, վրաններ, ռաֆթինգի նավակներ և նավակի էլեկտրական շարժիչներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1,2 միլիոն դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվել 175 հազար դրամ։

Գործադիրի հուլիսի 15-ի որոշմամբ՝ մաքսատուրքից ազատվել է նաև «Եվրոֆուրնիտուրա» ՍՊԸ-ն։ Ինչպես նշված է որոշման հավելվածում, սոսնձի արտադրության համար ընկերությունը Չինաստանից պետք է հումք ներմուծեր՝ ընդհանուր 480 մլն դրամ արժեքով։ Կառավարության շնորհած արտոնությունը գնահատվել է 24,7 մլն դրամ։

«Եվրոֆուրնիտուրա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերության տնօրենն ու միակ սեփականատերը Ազատ Աղաջանյանն է։ 

Հուլիսի 22-ին կառավարության որոշմամբ՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն է ստացել «Ոլվերին Ե․Ա․Դ․Գ» ՍՊԸ-ն։ Ինչպես նշված է կառավարության որոշման նախագծում, ընկերության կողմից ներմուծվող հումքը և սարքավորումները օգտագործվելու են պաշտպանիչ բալիստիկ զինվորական սաղավարտնեի, զրահակի բաճկոնների և հատուկ հակաջերմատեսիլային տակտիկական հանդերձանքների, կապի խզման և բլոկադայի կապսուլաների, որսորդական, տակտիկական  և ռազմական նշանակության, զենքերի օժանդակ դետալների, կրակային թիրախների և պարագաների արտադրություն համար։ Ըստ որոշման հավելվածի՝ Չինաստանից և ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 2,2 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվել է 135 մլն դրամ։

«Ոլվերին Ե․Ա․Դ․Գ» ՍՊԸ-ն նորաբաց ընկերություն է, այն հիմնադրվել է 2020 թվականի դեկտեմբերին։ Ընկերության սեփականատերերն են Անդրանիկ Ծատուրյանը (55%), Գարրի Դերձյանը (30%) և էդուարդ Մոսոլովը (15%)։

Մեր հոդվածում ներառված ժամանակահատվածում արտոնություն ստացած վերջին ընկերությունը «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ն է, որին կառավարությունը ևս ազատել է ներմուծման մաքսատուրքից։

Կառավարության օգոստոսի 18-ի որոշման նախագծում ասվում է, որ ընկերությունը հումք է ներմուծելու պլաստմասե կախովի առաստաղների արտադրության համար։ Որոշման հավելվածում նշված է, որ ներմուծման երկիրը Չինաստանն է, իսկ ներմուծվող հումքի արժեքը կազմում է 757 միլիոն դրամ։ Գործադիրի որոշմամբ այս ընկերությունը կազատվի 49 միլիոն դրամ մաքսատուրքի վճարից։

«Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի մայիսին։ Ընկերության 60% բաժնեմասը պատկանում է փաստաբան Մարինե Միրիջանյանին, իսկ 40%-ը Սամվել Մանասարյանին։

Հեղինակներ՝ Աննա Սահակյան, Ռիմա Գրիգորյան, Սոնա Պետրոսյան
Համակարգող՝ Տրդատ Մուշեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter