
Դավիթը գաղափարական գրոհ է սկսում դեպի 41-րդ մանդատը
«Պառլամենտական ընտրությունները 2012-ի նախագահական ընտրությունների գլխավոր ռեպետցիոն գործընթացներն են, это генеральная репетиция перед президентским срожением»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մարքսիստ Դավիթ Հակոբյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրված է թիվ 41 ընտրատարածքում:
Նրա խոսքով` այս ընթացքում է որոշվում, թե քաղաքականության մեջ ով ինչ քաշային կարգ և գաղափարական կարողություններ ունի: Իսկ ընտրարշավի առաջին փուլը ցույց տվեց, որ ոչ մի կուսակցություն լուրջ գաղափարական հենքով չի հանդես գալիս, այն դեպքում երբ վտանգված է «հայկական քաղաքակրթությունը, քարոզարշավի ամբողջ փիլիսոփայությունը»:
Դ. Հակոբյանի խոսքով` ոչ մի կուսակցություն դատարկ սոցիալական ճամարտակություններից ու նախընտրական խոստումներից ավելին չի ասում, ինչը ողբերգություն է: Նրա կարծիքով` չի խոսվում նոր տնտեսական, ագրարային քաղաքականություն սկսելու մասին, նոր ազգային հայեցակարգի, ԼՂ դիվանագիտական նոր մոտեցումների մասին, այն դեպքում, երբ այդ դիվանագիտությունը տանուլ է տվել:
Այն դիտարկմանը, թե ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը միշտ խոսում է նոր տնտեսական քաղաքականության մասին, մարքսիստը նշեց, որ ծանոթ է Բագրատյանի «երգին», հենց բագրատյանների և վազգեն մանուկյանների պատճառով կործանվեց ՀՀ տնտեսությունը. նրանք այդպես էլ չհասկացան նոր տնտեսական քաղաքականություն ասվածը:
«Ես անձամբ դեմոկրատիայի հրապարակախոսական ինստիտուտից չեմ օգտվում, համարում եմ այդ ինստիտուտը անարդյունավետ, որովհետև բացի աքլորական 5-րոպեանոց ճառից ավելին ոչինչ չես կարողանում հասարակությանը մատուցել»,- հայտարարեց Դ. Հակոբյանը:
Այդ պատճառով էլ նա իր նախընտրական քարոզարշավի մեջ նա ընդգրկել է հիմնարկ-ձեռնարկությունների, մտավորականության և ժողովրդի հետ համատեղ հանդիպումները: Իր հիմնական քարոզարշավը նա նախատեսում է ավարտել ապրիլի 28-ին:
«Ես սրբությամբ կատարել եմ իմ պարտքը»,- հայտարարեց Դ. Հակոբյանը: Նրա խոսքերով`բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում ղեկավարները ՀՀԿ-ական են, սակայն շնորհակալ է նրանցից, որ իրեն ընդունել են պատշաճ մակարդակով, անգամ ԵՊՀ-ում ամեն ինչ կազմակերպվել է լիարժեք ձևով, և ինքը հնարավորություն է ունեցել հասարակությանը հայտնել իր գաղափարախոսությունը: Անգամ դաշնակցականները մեծապես աջակցել են մարքսիստին:
Դ. Հակոբյանը համոզված է, որ այս ընտրապայքարում նա գաղափարական առումով ախոյաններ չունի, իսկ ժողովուրդն իր օգտին է քվեարկելու: «Մնում է, թե ինչպես իշխանությունները կհարգեն ժողովրդի քաղաքական կամքի դրսևորումը»,- հավելեց Դ. Հակոբյանը:
Նրա խոսքով` Իջևանը քաղաքապետի ընտրությունների ժամանակ նման փորձ ունեցել է` ցույց տալու «իր բարոյական բարձր հատկանիշները», այժմ էլ Տավուշի հասարակությունը իր քաղաքացիական պարտքը «կկատարի սրբությամբ», որովհետև տեղի ժողովուրդը դեն է նետել «կուսակցականության պիտակը»:
«41-րդ մանդատը կարծում եմ, որ Դավթի կողմից կվերցվի գաղափարական գրոհով, այդ մանդատը պառլամենտական ոստանում կլինի մարքսիստական մանդատ, և այս մանդատը կարող է ճակատագրական նշանակության ունենալ ողջ պառլամենտարիզմի ինստիտուտի հետագա ճակատագրի համար»,- հավելեց Դավիթ Հակոբյանը:
Մեկնաբանել