
Հուլիսին տնտեսական ակտիվությունը աճել է 5.8%-ով
2021 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 5.8%-ով: Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ):
Տնտեսական ակտիվության 12-ամսյա ցուցանիշը (տվյալ ամսվա աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ) շարունակում է թուլանալ։ Այս տարի ամենաբարձր աճը գրանցվել է ապրիլին, սակայն այդ տեմպը չի պահպանվում։
Ապրիլին գրանցվել է 23.2% աճ՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ։ Սա առավելապես բազային էֆեկտով էր պայմանավորված, քանի որ նախորդ տարվա ապրիլին տնտեսությունը «լոքդաունի» մեջ էր։
Այս տարվա հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, առավել բարձր աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում։ Տնտեսության մնացած հատվածները ավելի համեստ տեմպով են առաջ գնում։
Մասնավորապես՝
- արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.7%-ով,
- շինարարությունը՝ 2.2%-ով,
- առևտրի շրջանառությունը՝ 5.2%-ով,
- ծառայությունների ծավալը՝ 14.4%-ով։
Հիշեցնենք, որ գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են միայն եռամսյակային պարբերականությամբ։
5.2% աճ՝ յոթ ամիսների կտրվածքով
Տարվա յոթ ամիսների կտրվածքով՝ 2021թ. հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ՏԱՑ-ն աճել է 5.2%-ով։
Հարկ է շեշտել, որ գրեթե բոլոր ոլորտներում գրանցվող աճերի վրա էական ազդեցություն ունի բազային էֆեկտը։
2020 թվականին տարածված համավարակի արդյունքում տնտեսությունը անկում ապրեց և այս տարի, երբ համեմատության բազա ենք ընդունում նախորդ տարին, որոշակի դրական միտումներ են նկատվում։ Այսինքն՝ համեմատում ենք ցածր բազա ունեցող ժամանակաշրջանի հետ։
Այս կտրվածքով առավել բարձր աճ է նկատվում շինարարության ու առևտրի ոլորտներում։
Արտաքին առևտուրն աճել է 15.1%-ով
2021 թվականի առաջին յոթ ամսվա ընթացքում (հունվար-հուլիս) Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 4.306 մլրդ ԱՄՆ դոլար։ 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 15.1%-ով։
Մասնավորապես, արտահանումը կազմել է 1.641 մլրդ դոլար՝ աճելով 23.2%-ով։
Ներմուծումը կազմել է 2.665 մլրդ դոլար՝ աճելով 10.6%-ով։
Մեկնաբանել