
202 պաշտոնյա սահմանված ժամկետում չի ներկայացրել հայտարարագիր
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 202 հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց անունները, որոնք չեն ներկայացրել պաշտոնը ստանձնելու, դադարեցնելու կամ տարեկան հայտարարագրեր:
Հայտարարագրեր չեն ներկայացրել դատավորների 14 օգնական, 14 քննիչ կամ քննչական կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչ, պատգամավորների 8 օգնական, 62 համայնքի ղեկավար կամ տեղակալ, ոստիկանության 7 աշխատակից և այլն:
Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական Դավիթ Դանիելյանը չի ներկայացրել 2021թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նույն տարում պաշտոնը ստանձնելու հայտարարագրեր չեն ներկայացրել նաև Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանը, ՀՀ Վայոց Ձորի մարզպետի օգնականը, Պաշտպանության նախարարի խորհրդականը և այլք:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնում են, որ ներկայացված է հայտարարագրման պարտավորությունն օրենքով սահմանված ժամկետում չկատարած առաջին խումբ պաշտոնատար անձանց ցուցակը։ Գործընթացը շարունակական է լինելու, և համապատասխան տվյալների մշակմանը զուգահեռ` Հանձնաժողովը փուլ առ փուլ հրապարակելու է հայտարարագրման պարտավորությունն օրենքով սահմանված ժամկետում չկատարած մյուս պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների ցուցակները։
Հանձնաժողովից հիշեցնում են, որ ծանուցմամբ նշված ժամկետներում հայտարարագրերը չներկայացնելու դեպքում, հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթներ, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ 200,000 դրամի) չափով: Նշված հիմքերով վարույթներ կհարուցվեն նաև հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների նկատմամբ:
Լուսանկարը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջից
Մեկնաբանել