
Ըստ Վանեցյանի` իշխանությունն ԱԺ անվտանգության ուժեղացմամբ կամ փորձում է ազդել ընդդիմության նյարդերի վրա, կամ սարսափած է
«Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը այն կարծիքին է, որ ԱԺ աշխատակազմի իրականացրած անվտանգության նոր ռեժիմն ուռճացված է, կարիք չկա նման սահմանափակումների: Նման տեսակետ հայտնեց Վանեցյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«ԱԺ շենքը պետական պահպանության ենթակա շենքերին է դասվում, պետք է իրականացվի պահպանություն, բայց ներսում` հատկապես ԱԺ նիստերի դալիճի մոտ, մետաղորսիչ տեղադրելը ծիծաղելի է: Կամ իշխանությունները ուզում են այս ճանապարհով իրենց պատկերացմամբ ազդել ընդդիմության նյարդերի վրա կամ սարսափում են ընդդիմությունից»,- ասաց Վանեցյանը:
Պատգամավորն այն կարծիքին է, որ նման փոփոխությունները ժամականավոր բնույթ են կրելու, նա հույս հայտնեց, որ իշխանությունները կթողնեն խորհրդարանը նորմալ գործունեություն ծավալի:
Վանեցյանն անդրադարձավ նաև լրագրողների տեղաշարժի սահմանափակմանը` որակելով դա անթույլատրելի:
«Լրագրողները պետք է մշտապես ազատ շրջեն խորհրդարանում և կարողանան իրենց աշխատանքով հանրությանը ներկայացնել պատգամավորի գործունեությունը: Եթե սահմանափակումներն ուժի մեջ մտնեն, դա անթույլատրելի է, մեր լիազորությունների շրջանակում պայքարելու ենք, որ ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները պաշտպանենք»,- ասաց նա:
Մեկնաբանել