
Կնոջ արգանդը հիշողություն ունի
«Ցավոք սրտի մեր իրականության պայմաններում օրենսդրական ակտերը գրվում են միայն թղթի վրա, չեն գործում, այսինքն` մեռած են օրենքները», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբանների պալատի փաստաբան Աշոտ Սաֆարյանը` անդրադառնալով հղի կանանց իրավունքներին:
Նրա խոսքով` հղի կանանց իրավունքերը պաշտպանվում են բազմաթիվ օրենքներով, որոնք ամրագրված են ՀՀ քաղաքացիական, քրեկան, ընտանեկան, աշխատանքային օրենսգրքերում, սակայն միշտ չէ, որ գործում են: Միաժամանակ, կա նաև քաղաքացիների պասիվությունն այս հարցում, ովքեր իմանալով, որ իրենց իրավունքերը խախտվելու են, համապատասխան քայլեր չեն ձեռնարկում:
Ըստ օրենքի` հղի կնոջը տրվում է երեխայի ծնվելուց առաջ 70-օրյա արձակուրդ և ևս 70 օր` երեխայի ծնվելուց հետո:
Փաստաբանը նշեց, որ հղի կանանց դեպքում հաճախ խնդիրներ են առաջանում գործատուի հետ կապված, ով չի ցանկանում նման վիճակում կնոջն աշխատանքի ընդունել կամ կարող է ապօրինի նրան գործից ազատել: Այնինչ, քրեորեն պատժելի է հղի կնոջն անհիմն աշխատանքի չընդունելը կամ անհիմն աշխատանքից ազատելը: Ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` ամուսինն առանց կնոջ համաձայնության իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնել կնոջ հղիության ընթացքում:
Ա. Սաֆարյանի խոսքով` օրենքը գրված է, բայց կան նաև մարդկային գործոններ: Օրինակ` եթե աշխատող հղի կինը կարիք ունի գնալ բժշկական ստուգումների, ապա գործատուն պետք է ըմբռնումով մոտենա այդ հարցին:
Հոգեբան Աննա Բադալյանը նշեց, որ շրջապատում կատարվող ցանկացած երևույթ ազդում է հղի կնոջ վրա, ինչը փոխանցվում է նաև պտղին: Ձևավորվող սաղմն ունի ընկալումներ, հիշողություն, հուզական ֆոն: Հոգեբանի խոսքերով` հղիությունը պետք է դառնա կնոջ կյանքի լավագույն շրջանը, այդ պատճառով էլ նրան պետք է պարուրել ջերմությամբ, ուշադրութամբ և սիրով: Հղի կինը միշտ ունի շրջապատի աջակցության կարիքը, առավել ևս, որ հարցը վերաբերում է ոչ թե մեկ, այլ երկու անձի:
Ա. Բադալյանը նշեց, որ գիտականորեն ապացուցված է, որ արգանդն ունի հիշողություն, և եթե մայրը կատարել է հղիության արհեսատական ընդհատում, ապա հետագայում նրա մեջ ձևավորվող սաղմը կրում է այդ հիշողության տրավման: Հղի կնոջ համար աշխատանքի, ընտանեկան ռիթմը հոգեֆիզիոլոգիական ծանրաբեռնվածություն է, և եթե դրան էլ գումարվում են այլ խնդիրներ, նա ընկճվում է, հիասթափվում, հղիությունը դառնում է ծանր բեռ, ոչ թե բերկրանք:
Հոգեբանի կարծիքով` կնոջ մարմինը և արգանդը դեռևս չի ենթադրում մայրություն, անհրաժեշտ է նաև հոգեբանական աջակցություն: Եթե կնոջը զրկում են մայրանալու իրավունքից, նա հայտնվում է հոգեբանական ծանր իրավիճակում, և արդեն օրգանզիմը հետագայում պատասրատ չի լինում հղիության:
Փաստաբան Ա. Սաֆարյանը ներկայացրեց կառավարության թիվ 778 որոշման համաձայն այն կետերը, որոնց դեպքում արդարացվում է հղիության արհեստական ընդհատումը. հղիության ընթացքում ամուսնու մահը, կնոջ կամ ամուսնու ազատզրկման վայրում գտնվելը, մայրական իրավունքի զրկվելը հղիության ընթացքում, ամուսնալուծությունը հղիության ժամանակ, հղիությունը բռնաբարությունից հետո: Սրան կարելի է հավելել նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ լինելը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել