HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանթաշեւի ժառանգների այցելությունը Թբիլիսի

Սուսաննա Խաչատրյան

Քաղաքամայր Երեւանում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշեւի արձանի բացման հանդիսությանը մասնակցելուց հետո բարերարի թոռ՝  ֆրանսաբնակ Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերը որդու՝ Միխայիլ Մանթաշյանցի հետ, ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի, գրող-հրապարակախոս Վահե Անթանեսյանի ուղեկցությամբ նախօրեին երկօրյա այցով ժամանեց Թբիլիսի:

Հյուրերը շրջագայեցին այն վայրերում, որտեղ առկա է մեծ բարերարի Թբիլիսիում արած բազմաթիվ բարեգործությունների «հետքերը» եւ համակվեցին հպարտությամբ Մանթաշեւ-բարեգործի մեծ մարդասիրության համար:

Իր ժամանակի խոշոր նավթարդյունաբերողի թոռան եւ ծոռան հետ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելիի հանդիպման ժամանակ խոսվեց Թբիլիսիի  կայացման գործում երկու բարերարների՝ Ալեքսանդր Մանթաշեւի և Միքայել Արամյանցի անգնահատելի ավանդի մասին եւ առաջարկություն արվեց Մանթաշեւի նմանօրինակությամբ ֆիլմ նկարահանել նաեւ Արամյանցի մասին, որի միջոցներով կառուցված հիվանդանոցն այսօր էլ կրում է նրա անունը:

Իսկ Թբիլիսիի Ավագանու նախագահ Զաալ Սամադաշվիլու հետ քննարկվեց հայ մեծահարուստների բարեգործությունների մասին ավելի շատ տեղեկատվություն տարածելու եւ սերունդներին իրազեկելու անհրաժեշտությունը:

Ալեքսանդր Մանթաշեւի ժառանգները, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի  նախաձեռնությամբ, հյուրընկալվեցին նաեւ թիֆլիսյան կոլորիտով շնչող Դավթյան ընտանիքի տիկնիկային թատրոնում, որտեղ եւ հանդիպեցին տեղի հայ մտավորականության ներկայացուցիչների հետ եւ ըմբոշխնեցին այստեղ «բնակվող» տիկնիկների վերակենդանացրած մանթաշովյան ժամանակաշրջանի քաղաքի հմայքն իր  ոճով ու ավանդույթներով:

Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, խոսելով  Մանթաշեւի՝ որպես գործարարի, բարերարարի, մարդասերի եւ լուսավորչի մասին, անվանեց նրան մեծ, բայց ոչ միակը, քանզի Թբիլիսիում գործել են շատ եւ շատ հայազգի մեծահարուստ-բարեգործներ, որոնց հիշատակը հարգելը եւ պահելը բոլոր հայերի սուրբ գործն է:

Այնուհետեւ պարոն դեսպանը տիկին Ժաննա Դավթյանին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության՝ Դավթյան ընտանիքին պարգեւտրած Վիլյամ Սարոյան մեդալը,  հայապահպանության եւ ազգապահպանության գործին նվիրվածության համար:

Բոլոր բանախոսները՝ Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ մտավորականների միության թբիլիսյան մասնաճյուղի նախագահ Ենոք Թադեւոսյանը, որը նաեւ Ալեքսանդր Մանթաշեւի 100-ամյակի առթիվ  «Գործ՝ ողջ կյանքի» շարքից մեծ բարերարին նվիրված գրքույկի հեղինակն է, միանշանակ խոսեցին այս քաղաքի նկատմամբ տեղի հայ ազգաբնակչության մեծ սիրո եւ նվիրվածության մասին:

Ալեքսանդր Մանթաշեւ Կրտսերը, հուզմունքով եւ հպարտությամբ ունկնդրելով Մանթաշեւ մեծահարուստի հայրենանվեր եւ ազգանվեր գործերի մասին, հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամությանը մաղթեց անաղարտություն եւ անկեղծություն, ինչպիսին եղել է իր պապի ապրած տարիներին:

Օրհնության եվ գնահատանքի իր խոսքում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, խոսելով հարուստ պատմություն եւ պատմական դեմքեր ունեցող վիրահայ համայնքի  մասին, ընդգծեց, որ համայնքի կայուն եւ հարգարժան լինելը կախված է իր Եկեղեցու շուրջը նրա համախմբվածությունից եւ իր հավատքին նվիրվածությունից, որով եւ համայնքը վրաց հասարակությանը կներկայանա որպես արժեքներ ստեղծող ազգաբնակչություն: Մանթաշյան տոհմի ներկայացուցիչների այցը Թբիլիսիում շարունակվում է:

Մեկնաբանություններ (1)

npatak
ինչու Մանթաշև և ոչ թե Մանթաշյան այ անգրագետներ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter