
Օձունի համայնքապետը ծեծի ենթարկվելու գործով տուժող է ճանաչվել
Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել մարզպետարանի շենքում ծեծի ենթարկվելու դեպքի առիթով հարուցված քրեական գործով: Գործը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ):
Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ Լոռու մարզպետը 2021թ. հունիսի 22-ին իրեն հրավիրել է մարզպետարան և պահանջել հրաժարականի դիմում ներկայացնել: Ինքը մերժել է, ինչից հետո միջանցքում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել իրեն: Արսեն Տիտանյանը հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին սատարում էր «Հայաստան» դաշինքին:
ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա: Արսեն Տիտանյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Քրեական գործը հարուցվել է հունիսի 23-ին՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):
Մարինա Օհանջանյանից հետաքրքրվեցինք, արդյոք Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հարցաքննվել է: Խոսնակը նշեց, թե իրենք տեղեկություններ չեն տալիս հարցաքննված անձանց վերաբերյալ: Սակայն, «Հետք»-ի աղբյուրները հայտնեցին, որ Արամ Խաչատրյանը ևս հարցաքննվել է:
Արսեն Տիտանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ անգամ է հարցաքննվել, որից հետո որևէ նորություն չունի քրեական գործից: Նշեց, որ տեղյակ էլ չէ՝ արդյոք մարզպետարանի աշխատակիցները հարցաքննվե՞լ են: Օձունի համայնքապետի խոսքերով՝ դեպքի պատճառը եղել է քաղաքական, որից հետո էլ եղել է ծեծկռտուքը:
«Դատաբժշկի մոտ գնացել եմ, վնասվածք հայտնաբերվել է. լնդիս շրջանում պատռվածք է եղել»,- ասաց Արսեն Տիտանյանը:
Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը, փոխանցելով մարզպետի խոսքը, հերքում է, որ նման միջադեպ եղել է: Ըստ նրա՝ մարզպետ Խաչատրյանն ամբողջությամբ հերքում է լուրերը, թե մարզպետարանի շենքում Օձունի համայնքապետին ծեծի են ենթարկել:
«Օձունի համայնքապետն այդ օրը եղել է մարզպետի մոտ և քննարկվել են զուտ համայնքի գործառույթներին վերաբերող հարցեր, համայնքային խնդիրներ: Վեճ չի եղել, հրաժարականի պահանջ չի ներկայացվել, առավել ևս ծեծի որևէ միջադեպ չի եղել»,-հավելեց Աննա Գասպարյանը:
Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետից հետաքրքրվեցինք՝ կա՞ն համայնքապետեր, որոնք լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դիմումներ են ներկայացրել, ինչին ի պատասխան՝ նշեց. «Այս պահին նման համայնքապետեր չկան»:
Մեկնաբանել