HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«9 հարկանի շենքի տակ ինչպե՞ս կարելի է հիմնել հանգստի գոտի». Քանաքեռ-Զեյթունում ծառեր են այրում (լուսանկարներ)

Լեյլա Ասատրյանը 18 տարի շարունակ մշակել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի Զ. Սարկավագի փողոցի թիվ 131 շենքի իր բնակարանի տակ գտնվող 120 ք/մ հողատարածքը: Այսօր արդեն 3-րդ օրն է, որ այդտեղի ծառերը հատվում են, տնկիներն ու մատղաշ ծառերը՝ այրվում:

Լեյլա Ասատրյանը 60 տարեկան է, նրա ամուսինը 1994 թ. զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ, որից հետո կինը միայնակ է մեծացրել իր երկու աղջիկներին: Այդ ժամանակաշրջանից նա սկսել է մշակել 9 հարկանի շենքի մոտ գտնվող հողատարածքը: Նա հիշում է, որ այդ տարածքը նախկինում շատ անբարեկարգ էր և ամբողջությամբ լցված աղբով: Նա մաքրել է տարածքը, սկսել ծառեր մշակել՝ իր օրվա մի մասն անցկացնելով այդտեղ:

Երբ 2006 թ. Լ. Ասատրյանը ցանկացել է տարածքը սեփականաշնորհել, նրան մերժել են՝ ասելով, թե տարածքը սեփականաշնորհման ենթակա չէ, քանի որ հանրային տարածք է, որը հնարավոր է սեփականաշնորհել միայն մրցութային կարգով: Բայց 2008 թ. այդ հողակտորի շարունակություն կազմող հատվածն իր հարևանը սեփականաշնորհել է, այնուհետև վաճառել:

Լ. Ասատրյանը չի հասկանում, թե ինչպես պատահեց, որ նույն տարածքը մեկի դեպքում սեփականաշնորհվում է, մյուսի դեպքում՝ ոչ. ստացվում է, որ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումները գործում են միայն իր դեպքում:

Լ. Ասատրյանը խոսքերով՝ ինքը տարիներ շարունակ մեծ սիրով ու հոգատարությամբ խնամել է այդ տարածքը, ջանք թափել: Նա ցույց է տալիս դեռևս կանգուն իր տնկած 18-ամյա ծառն ու աշխատանքային գործիքները, որոնք այլևս չի կարող օգտագործել, իսկ իր հարևանը միայն ցանկապատել է տարածքը, այնուհետև հանրային տարածքի վաճառքից շահույթ ստացել:

2011թ. Լ. Ասատրյանը դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին: Նա խոստացել է, որ կանցկացվի աճուրդ, որին կարող է մասնակցել նաև Լ. Ասատրյանը և աճուրդի արդյունքում ձեռք բերել այդ հողատարածքը:

Հավատալով, որ այս անգամ հարցն իսկապես կլուծվի՝ Լ. Ասատրյանը սպասել է մինչև 2011թ. նոյեմբեր: Սակայն դրանից հետո էլ պարզվել է, որ աճուրդ տեղի չի ունեցել, Լ. Ասատրյանի գործն անընդհատ ձգձգել են՝ ասելով այսօր, վաղը: Հուսահատ կինը հացադուլ է հայտարարել քաղաքապետարանի մոտ, սակայն անգամ դա արդյունք չի ունեցել: Դրանից հետո կինը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանից ստացել է «կեղծ գրություն՝ սեպտեմբերի ամսաթվով»:

Այս ընթացքում Լ. Ասատրյանը դիմել է բոլոր հնարավոր կառույցներին, նա ցույց է տալիս բոլոր գրությունները, սակայն իր խոսքերով՝ բոլորն իրեն միայն խաբում են:

Այժմ իր հողակտորի հարևանությամբ մի մեծահարուստ կառուցել է վարդագույն շինություն, և պետք է նաև կնոջ հողատարածքը, որը մեծահարուստը փորձում է ձեռք բերել Ա. Քոթանջյանի միջոցով: Վերջինս, Լ. Ասատրյանի խոսքերով, իրեն ասել է, թե «դու ո՞վ ես, ինչ ուզում, այն էլ անում եմ, արածդ ինչ ա՝ 3 սամսավալ աղբ ու զիբիլ չի՞»: Այդ մեծահարուստը, Լ. Ասատրյանի խոսքերով, չի երևում տարածքում, ամեն ինչ կատարում է իր մանկլավիկների միջոցով:

Լ. Ասատրյանը նաև դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն վերջինս նրան չի ընդունում: Լ. Ասատրյանը մասնագիտությամբ իրավաբան է, սակայն արդեն 8 տարի է՝ չի աշխատում: Այդ հողատարածքում նա փորձել է փոքր շինություն հիմնել, գործ սկսել՝ հաղթահարելով աղքատությունը, սակայն այդ շինությունը դեռևս 2006թ. քանդել են:

«Գիտեք՝ հիմա սիրտս ոնց է մրմռում: Կաթված եմ ստանում, ասեք՝ ի՞նչ անեմ, խելագարվում եմ... Ցավ ա, չեմ դիմանում: 9 հարկանի շենքի տակ ինչպե՞ս կարելի է հիմնել հանգստի գոտի: Անդադար դիմել եմ, բայց ոչ մի բանի չեմ հասել: Ես պայքարող եմ, մինչև վերջ գնալու եմ: Կարելի՞ էր էս ձև վարվել ինձ հետ: Ջարդեցին, ինձ կոտրեցին: Շուտով կլսեք, որ ինձ վերացրել են, կամ ինֆարկտ եմ ստացել, կամ մեռել եմ, բայց ես մինչև վերջ պայքարելու եմ»,- ասում է Լեյլա Ասատրյանը:

Նա նշում է, որ առանց իր մշակած հողակտորի՝ իր կյանքն անիմաստ կդառնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter