Խեղդվածներից երկուսի դիակները դեռ չեն հայտնաբերվել
Մայիսի 15-ի վաղ առավոտյան ժամը 5:30-ին Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 13-րդ կմ-ում Ալավերդի քաղաքի բնակիչ Արսեն Ժորայի Կիրակոսյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 65LU653 համարանիշի ավտոմեքենան ընկել էր Փամբակ գետը: Դեպքից թեև անցել է 4 օր, սակայն վթարի հետևանքով գետում խեղդված 4 ուղևորներից 2-ի` Հարություն Շավարշի Երզնկյանի և Վահան Վլադիմիրի Երիցյանի մարմինները դեռևս Դեբեդում չեն հայտնաբերվել: Որոնողական աշխատանքները իրականացնում է Լոռու մարզի փրկարարական ծառայությունը:
Ծառայության պետի տեղակալ Լևոն Դալլաքյանը այսօր «Հետքին» հայտնեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն Դեբեդի խիստ հորդառատ վիճակը դժվարեցնում են դիակների հայտնաբերման աշխատանքները: Հիշեցնենք, որ ավտովթարի հետևանքով զոհվածները աշխատում էին «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ընկերության՝ Ղարաբաղում գտնվող Դրմբոնի հանքավայրում: Որոնողական աշխատանքներին օժանդակելու հետ կապված մայիսի 18-ի երեկոյան «Հետքի» հարցմանը «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ ընկերությունը նույնպես օժանդակում է կատարվող աշխատանքներին: Որոնողական աշխատանքներում ներգրավված են «Թեղուտ» ՓԲԸ-ի 20 աշխատողներ, ովքեր իրենց գործընկերների դիակների որոնման աշխատանքներ են կատարում գետի ավելի հավանական տարածքներում: Այդ աշխատանքների համար ընկերությունը տրամադրել է նաև համապատասխան տեխնիկա:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել