
Էդմոն Մարուքյան. «Ընտրությունները վերածվեցին վստահության հանրաքվեի՝ նախկինների վերադարձը բացառելու նպատակով»
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր կուսակցության կառավարման խորհրդի մի շարք անդամների մասնակցությամբ մամուլի ասուլիս էր հրավիրել: Թեման՝ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին ու դրանից հետո ձևավորված քաղաքական նոր իրադրությունը:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընդունելով ընտրությունների արդյունքները իրենց գործունեությունն իրականացնելու են խորհրդարանից դուրս: Մարուքյանը նշեց, որ օգտագործելու են իրենց բոլոր կապերը՝ ի նպաստ երկրի շահերի:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ չի կարծում, թե նոր խորհրդարանը կարճ կյանք է ունենալու: Բացի այդ, խորհրդարան անցած ուժերը ձեռնտու են իշխանություններին, քանի որ վերջիններիս քննադատելու ժամանակ, ամեն անգամ հիշեցնելու են, թե իրենց պաշտոնավարման տարիներին ինչեր են կատարվել երկրում:
Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ իրենք համոզված են եղել խորհրդարան անցնելու առումով: Իրավիճակը փոխվել է վերջին երկու օրերի ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում քաղաքացիները տեսել են, մտածել են, որ նախկին իշխանությունները հետ են վերադառնալու, դրա համար վերջին պահին փոխել են իրենց որոշումը և քվեն տվել են իշխանությանը, որպեսզի նախկինները չվերադառնան: Այդ մասին ասել են նաև քաղաքացիները՝ այցելելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակներ:
Մարուքյանի կարծիքով՝ մարդիկ գնացել և վերահաստատել են հեղափոխությունը: Ըստ նրա՝ նախկին իշխանությունը հեղափոխությունը փորձեց կապել պատերազմի հետ, մինչդեռ այդ կապը չկա, ինչը ապացուցվեց նաև քվեարկությամբ:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախկինում էլ է ասել՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանն ակտիվ քաղաքականություն մտնելով՝ օգնել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Արդյունքում ընտրությունները վերածվեցին վստահության հանրաքվեի և մարդիկ ընտրեցին գործող իշխանություններին՝ նախկիննրի վերադարձը բացառելու նպատակով:
«Լուսավոր Հայաստան»-ի նախագահն ասաց, որ ընտրատեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկներին հետևում են և մեծ հաշվով էական տատանումներ չեն արձանագրվել, որոնք կազդեն ընտրությունների արդյունքների վրա: Մարուքյանը կարծում է՝ բոլոր այն տեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, պետք է այդ տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչվեն:
Մարուքյանը նշեց, որ կան քաղաքական ուժեր, ովքեր արդյունքները վիճարկելու համար Սահմանադրական դատարան են դիմելու, սակայն դրան զուգահեռ, կարծես թե, վերցնելու են մանդատները՝ դրանով իսկ ընդունելով ընտրությունների արդյունքները:
«Հայաստանում հաղթել է մուրճը և մանգաղը, համերաշխության օրակարգը պարտվել է»,- ասում է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե նոր խորհրդարանը կլինի որակապես ավելի լավը, քան նախորդն էր:
Անդրադառնալով ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել հենց Փաշինյանը: Նրա խոսքերով՝ «Լուսավոր Հայաստանը» երբեք չի մերժել հանդիպումները, այդ թվում՝ իշխանությունների հետ:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ վաչապետը ցանկություն է հայտնել ստեղծել ֆորմատ՝ արտախորհրդարանական ուժերի հետ շփվելու, նրանց ձայնը լսելի դարձնելու համար, ինքն էլ պատասխանել է, որ երբ ստեղծվի՝ կքննարկեն:
Մարուքյանը նշեց, որ որևէ քննարկում չի եղել իրեն պաշտոն տալու մասին: Բացի այդ, ինքն էլ չի ակնկալում որևէ պաշտոն ստանալ, քանի որ իրեն չի պատկերացնում խորհրդարանից դուրս:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ աշխատանք չի փնտրում: Կուսակցությունը շատ գործ ունի անելու, այդ թվում՝ անելիքները վերաիմաստավորելու առումով: Կուսակցության նախագահը նշեց, որ մինչ այդ մի փոքր կհանգստանան, քանի որ վերջին տարիներին բուռն գործունեություն են ծավալել ու «տան երես» չեն տեսել: Աշնանը սպասվում է ՏԻՄ ընտրություններ և որտեղ ուժեղ լինեն, այդտեղ էլ մասնակցություն կունենան:
Մեկնաբանել