HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆերիկում ընտրական հանձնաժողովի անդամները ձանձրանում են

Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղն ամբողջությամբ եզդիաբնակ է։ Ցուցակով 352 ընտրող է գրանցված համայնքում, սակայն ժամը 15:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընդամենը 57-ը։

Մանանե Հսոյանն ամուսնու հետ էր եկել քվեարկության։ Ամուսինը հրաժարվեց խոսել՝ պատճառաբանելով, թե իր «խելքի բանը չէ»։ Տիկին Մանանեն ասաց, որ քվեարկել է հույսով, որ նոր կառավարությունը խաղաղություն կբերի երկրին, այլևս պստերազմ չի լինի։

Հանձնաժողովի նախագահ Գայանե Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հաշվի առնելով ընտրողների ընդհանուր թիվը` նորմալ է մասնակցության ցուցանիշը։

«Գյուղը փոքր է, ինչքան գիտեմ, փաստացի ավելի քիչ մարդ է ապրում»,- նշեց հանձնաժողովի նախագահը։ Գ. Գրիգորյանն ասաց, որ որևէ միջադեպ չի եղել, բողոքներ չկան։

Ֆերիկի համայնքապետ Ռուստամ Հասանյանը պարբերաբար պտտվում էր դպրոցի մոտակայքում, որտեղ տեղակայված է ընտրատեղամասը։ Մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում գյուղից 14 չափահաս մարդ է մեկնել արտագնա աշխատանքի։ Ըստ համայնքապետի` թեև ցուցակով Ֆերիկը 352 ընտրող ունի, սակայն փաստացի 124-ն են գյուղում բնակվում։

«Մեկ հոգին էլ սար է գնացել, գյուղում չի, որ մասնակցի ընտրությանը»,- հավելեց համայնքի ղեկավարը։

Ֆերիկում հանձնաժողովի անդամները ձանձրանում են ընտրողների բացակայությունից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter