
Էդմոն Մարուքյան. «Համախմբման համար շատ կարևոր է, որ այս ընտրություններում ոչ մի ուժ չհաղթի»
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մի քանի ուղղություններով քարոզարշավ է իրականաացնում հանրապետությունում: Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Լոռու մրզում է:
Ալավերդի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Մարուքյանը դարձյալ խոսեց երկրում տիրող անհանդուրժողականության, ատելության խոսքի ու չարության մասին: Շեշտեց, որ իրար դեմ պայքարող քաղաքական ուժերը նույնիսկ խոստանում են իրար, որ ժողովուրդն իրենց կընտրի և հունիսի 21-ին կոչնչացնեն մյուսներին:
«Ոչ ոք չի խոստանում, որ հունիսի 21-ին բոլորով կգնանք և մեր թշնամուն կհանենք մեր սահմաններից, բոլորով կվերականգնենք մեր տնտեսությունը, բոլորով կվերականգնենք գյուղատնտեսությունը, բոլորով կամրացնենք մեր նոր սահմանները»,-ասում է Էդմոն Մարությանը:
Նրա խոսքերով՝ «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որ համերաշխության օրակարգ է բերել այս ընտրություններին: Քարոզում է համերաշխություն, միասնականություն:
«Մեր ճանապարհը հաշտության ճանապարհն է»,-հավելեց Է. Մարուքյանը:
Կուսակցության նախագահը նշեց, որ բոլոր ուժերում էլ կան լավ մասնագետներ, կապեր ունեցող մարդիկ և բոլորին պետք է համախմբել: Ըստ նրա՝ այդ համախմբման համար շատ կարևոր է, որ այս ընտրություններում ոչ մի ուժ չհաղթի: Ասում է՝ տեսել են, թե ընտրություններ հաղթած ուժերն ինչպես են ամբարտավան կերպով ասում, որ «ժողովուրդը մեզ է ընտրել, ինչ ուզենք՝ կանենք»:
«Պետք է հաղթենք բոլորով, պետք է հաղթի պետությունը, Հայաստանը, հայ ժողովուրդը և ոչ թե մեկ առանձին վերցրած ուժ»,-ասաց Էդմոն Մարուքյանը՝ կոչ անելով ընտրողներին գործերով չընկնել և հունիսի 20-ին գնալ ընտրատեղամասեր, քվեարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին և դրանով տալ լիազորություն, որպեսզի բոլորին համախմբեն:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ իր ելույթում ասաց, որ մեզ շքեղություն թույլ տալու իրավունք չունենք, հանրապետությունում շատ ռեսուրս չունենք: Հիմնական ռեսուրսը մարդկային ռեսուրսն է, և իրավունք չունենք «լավ ուղեղներին» չօգտագործել՝ հանուն Հայաստանի հզորացման, խնդիրների ավելի արդյունավետ լուծման:
Տարոն Սիմոնյանը նշեց, որ այն քաղաքական ուժը, որ զգացմունքային ձևերով գալիս քարոզ է կարդում և արդյունքում իշխանություն է ձևավորում, երբեք չի կարողանալու գիտելիքն օգտագործել, որովհետև չի էլ ցանկանում օգտագործել: Գիտելիքն օգտագործվում է այն ժամանակ, երբ զգացմունքներն ու հույզերըը դրվում են մի կողմ և սկսում ենք մտածել պետության արդյունավետ կառավարման մասին:
Լուսանկարը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել