
Փաշինյանը` քաղաքացիներին. «2018-ին ես էի ձեզ դուխ տալիս, 2021-ին դուք եք ինձ դուխ տալիս»
Մենք ձեզնից ստացած իշխանությունը վերադարձրել ենք ձեզ:
Այս մասին Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում ասաց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Էս ընթացքում ձեզ հայտնի ուժերն ուզում էին խլել ձեր իշխանությունը, բայց մենք այն ամեն գնով պահել ենք, պահել ենք ոչ թե մեզ համար, այլ ձեզ համար, որ այսօր վերադարձնենք ձեր իշխանությունը: Հունիսի քսանին առաջին հերթին պետք է լուծեք ներքաղաքական ճգնաժամի հարցը, դրա համար հարկավոր է, որ առնվազն 60% քվեարկեք ՔՊ-ի օգտին»,-ասաց նա:
Ըստ Փաշինյանի` հաջորդ խնդիրը տարածքային ամբողջականության և երկրի սահմանների պաշտպանունակության բարձրացման հարցն է: Նա հիշեցրեց, որ լուծումն այն է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ սահմաններից, որից հետո հայելային եղանակով թե հայկական, թե ադրբեջանական զորքերը հեռանան Սոթք-Խոզնավար հատվածից և այնտեղ տեղակայվեն ռուս սահմանապահներ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ անդամ որևէ երկրի դիտորդներ:
Վարչապետի պաշտոնակատարը պնդեց` սկսած 1996 թվականից մինչ 2018-ը գոյություն ունեցող ԼՂ բանակցային գործընթացը միայն մի հնարավորություն Էր թողել` Ղարաբաղը փուլային տարբերակով Ադրբեջանին տալ: Փաշինյանն ասաց. «Այս իրավիճակում ավելի շատ հնարավարություն կա Արցախի հարցը հանրության պատկերացումներին համապատասխան լուծելու, քան չորս տարի առաջ էր», ապա հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում արձանագրվել է Արցախի վերջնական կարգավիճակը ճշգրտելու համար բանակցային գործընթացի վերականգման անհրաժեշտությունը:
«Եւ մենք պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություններից հետո «անջատում` հանուն փրկության» բանաձևի իրագործման հնարավորությունն էականորեն մեծացել է»,- ասաց նա:
Փաշինյանը կենսական նշանակության խնդիր որակեց գերիների անհապաղաղ վերադարձի հարցը:
«2018-ին ես էի ձեզ դուխ տալիս, 2021-ին դուք եք ինձ դուխ տալիս»,- ասաց նա` դիմելով քարոզարշավին ներկա քաղաքացիներին:
Փաշինյանի համոզմամբ` հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջին հերթին նրա համար են, որ ժողովուրդը որևէ հաղթանակի զգացողություն ինքն իր մեջ վերագտնի:
«Մենք ասում ենք` արդյունքը պետք է լինի հետևյալը, որ իրավատեր քաղաքացին հունիսի 21-ին նախնական արդյունքներին ծանոթանալով, ինքն իրեն ասի` ես այս ընտրություններում հաղթեցի: Մեր նպատակը ոչ թե մեր անձերի հաղթանակն է, այլ ժողովրդի հաղթանակը»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի` եթե ժողովուրդը դեմ է կոռումպացված իշխանությանը, ապա չի կարող կոռումպացված նկատառումներով ընտրություն կատարել, եթե դեմ է անարդար ընտրությանը, չի կարող ընտրություններին գնալ անարդարության նկրտումով, եթե պարտությանը դեմ է, չի կարող ինքն իրեն դատապարտել պարտության:
«Այս ընտրություններն անում ենք, որ ի վիճակի լինենք նոր էներգիա կուտակել և ծառայեցնել երկրի բարօրությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը քարոզարշավը սկսել է հունիսի 7-ին, Արմավիրի մարզից, այսօր ամբողջ օրը նա լինելու է Արագածոտնի մարզում:
Մեկնաբանել