HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի կողմից ժամանակից շուտ քարոզչություն սկսելը ԿԸՀ-ն խախտում չհամարեց

Կենտրանական ընտրական Հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանի դիմումը, որը վերաբերում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի կողմից քարոզարշավը ժամանակից շուտ սկսելուն: Ներկայացուցիչը պահանջում էր արձանագրել խախտումը:

Լևոն Բաղդասարյանը նշեց, որ ներկա և նախկին իշխանության անդամները, որոնք ներկայացնում են վերը նշված քաղաքական ուժերը, պարտավոր են պահել օրենքի պահանջը: Լ. Բաղդասարյանը նշեց, թե տոտալ քարոզչություն են իրականացրել, նրանց խոսքում եղել է ատելության խոսք, հայտնել են քվեաթերթիկի համարը և այլն:

Դիմում ներկայացրած կուսակցության ներկայացուցիչն իր ելույթում նշեց, որ քարոզչություն իրականացնելն ինքնանպատակ չէ, և եթե ժամանակից շուտ են քարոզչությամբ զբաղվում, ապա դրանով կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Ի վերջո ջանում են շատ ձայն ստանալ, ինչով խախտվում է հավասար մրցակցության պայմանը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հետաքրքրվեց, արդյոք ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները ցանկացել են նույն բանն իրականացնել, սակայն հնարավորություն չեն ունեցել: Պատասխանը բացասական էր:

Այնուհետև Տիգրան Մուկուչյանը, մեջբերելով Ընտրական օրենսգրքի հոդվածները, նշեց, որ օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչություն իրականացնելը արգելված չէ, իսկ օրենքը հստակ արգելք է սահմանում ընտրության նախորդ օրն ու հենց ընտրության օրը:

ԿԸՀ-ն որոշեց մերժել դիմումը՝ չարձանագրելով Ընտրական օրենսգրքի խախտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter