
«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արթուր Վանեցյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր գույքի ու եկամուտների վերաբերյալ հայտարարգիրը:
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 106 քմ մակերեսով մեկ բնակարան Երևանում, որը գտնվում է Բաղրամյան փողոցում:
Ավտոմեքենա նա չի հայտարարագրել և ոչ էլ՝ 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող որևէ գույք։
Մեկ տարում՝ 2020 թվականի մայիսից մինչև այս տարվա մայիս, Արթուր Վանեցյանը, ըստ իր հայտարարագրի, 2 մլն 113 հազ. դրամի եկամուտ է ստացել։ Այդ գումարը նա իբրեւ թոշակ է ստացել Ազգային անվտանգության ծառայությունից։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ (04.06.2021թ.) Վանեցյանն ունեցել է 10 մլն ՀՀ դրամ և 25 հազ. ԱՄՆ դոլար դրամական միջոցներ։
Ընկերություններում մասնաբաժիններ, արժեթղթեր և այլ ներդրումներ Արթուր Վանեցյանը չի հայտարարագրել:
Ավելի վաղ «Հետքն» անդրադարձել է Արթուր Վանեցյանի ընտանիքի անդամների անուններով գրանցված բիզնեսներին:
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները 230-ն են:
Մեկնաբանել