
Փաշինյանը կարծում է, որ պետական ապարատում իրեն ատում են կոռուպցիան արմատախիլ անելու համար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 4-ին Արարատի մարզի մի քանի համայնքներում հանդիպեց բնակիչների հետ: Իր ելույթի սկզբում նա ասաց, թե շատ են հարցնում՝ ինչո՞ւ չի անդրադառնում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին։ Ըստ Փաշինյանի՝ չի անդրադառնում ընտրական պրոցեսը չանլրջացնելու համար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուի խոսքով` Ռոբերտ Քոչարյանից փորձում են մտացածին կերպար կերտել: Ուստի հույս հայտնեց, որ ընտրությունների ժամանակ նրան կդնեն իր տեղը։
«Մեզ մեղադրում են, ասում են` ինչի չեք դատել իրեն, ես բազմիցս խոսել եմ, որ մեզ համար կարևոր է ինստիտուտների կայացումը, բայց եթե գտնում եք, որ ինչ-որ մեկին պետք է դատեինք ու չենք դատել, հունիսի 20-ին դատելու հնարավորություն ունեք, գնացեք ընտրատեղամասեր և դատապարտեք նրանց իրենց արժանի պատժի, որ բախվեն դաժան իրականության հետ»,-ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախկին իշխանությունների այն պնդումներին, թե ինքը եկել է իշխանության «հողերը հանձնելու» համար։ Նա ընդգծեց, որ վերջին տասը տարիներին ձեռք բերված սպառազինության հանրագումարի 62%-ը ձեռք է բերվել 2018-2020 թվականներին` հեղափոխությունից հետո: Փաշինյանի խոսքով` երկիրը զինում են պաշտպանունակությունը բարձրացնելու համար, ոչ թե տարածքներ զիջելու:
Նա նաև հայտնեց, որ 2018-ի դրությամբ զինվորական ցածր սպայակազմի հաստիքների հսկայական մասը թափուր է եղել, բանակում սպաների թիվը չի բավարարել: Իր ղեկավարած կառավարությունն առաջին հերթին զինվորականների աշխատավարձն է բարձրացրել, որ սպայական աշխատանքը լինի ավելի գրավիչ:
«Շատ կարևոր է պատասխանել հարցին, թե պատերազմն ինչի տեղի ունեցավ, պատասխանը ժամանակին Վազգեն Սարգսյանն է տվել` ասելով, որ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի, բայց ամբողջ խնդիրն այն է, որ երբ հետահայաց նայում ենք` Վազգեն Սարգսյանից հետո Հայաստանը չի պատրաստվել պատերազմի, այլ ամեն ինչ արել է, որ մաքսիմալ անպատրաստ լինի պատերազմին»,-ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` մինչև 2020-ի հունվարի 1-ը մեկ միլիոն 200 հազար քաղաքացու աշխատավարձ և նպաստ բարձրացվել է, մի մասինը բարձրացվել է ուղիղ հատկացումով, մյուսինը` եկամտային հարկի դրույթը նվազեցնելով:
Փաշինյանի կարծիքով` պետական համակարգի աշխատակիցներից շատերն ատում են իրեն, պատճառն այն է, որ արմատախիլ է արել կոռուպցիան, և պետական համակարգի աշխատողների եկամտի միակ աղբյուրը աշխատավարձն է դարձել:
Գեղանիստ համայնքում էլ պատասխանելով բնակիչներից մեկի հարցին, թե ինչու մինչ այժմ չեն բացահայտվել պատերազմի ժամանակ դավաճանություն կատարած անձինք, Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին:
«Պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ խոսքը, այլ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի, ով, պարզվում է, լինելով մարտի դաշտում` եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման և այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հաղորդել հակառակորդին: ԱԱԾ-ն արդեն ձերբակալել է այդ մարդուն, ես գիտեմ նրա անուն-ազգանունը, գիտեմ էն ջոկատի անունը, որի ներկայացուցիչն է եղել»,-հայտնեց Փաշինյանը:
Մեկնաբանել