HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գաղափարական վիժվածք» արտահայտությունն արժե 10 դրամ

Երեկ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Անի Մխիթարյանի գլխավորությամբ նախաքննվում էր «Մեկ ազգ» դաշինք կուսակցության նախագահ Գոռ Թամազյանի դեմ ուղղված հայցը: Հայցվորները' ՀՀ քաղաքացիներ Դանիել Իոաննիսյանը, Բայանդուր Պոողոսյանն ու Հասմիկ Սիմոնյանը, հայց են ներկայացրել դատարան իրենց հասցեին «Մեկ ազգ» դաշինքի ֆեյսբուքյան էջում դեկտեմբերի 28-ին տեղակայված զրպարտիչ խոսքերի և վիրավորանքների համար: Հայցվորները պահանջում էին «Մեկ ազգ» դաշինքից, մասնավորապես, Գոռ Թամազյանից հրապարակավ ներողություն խնդրել իրենցից'հերքելով զրպարտանքները և կազմակերպության համար սահմանել տույժ 10 դրամի չափով'որպես սիմվոլիկ գումար:

Գոռ Թամազյանը դատավարության ընթացքում նշեց, որ ֆեյսբուքյան իրենց ոչ քաղաքական ու ոչ պաշտոնական, այլ աֆորիզմների համար նախատեսված էջում տեղակայված մեկնաբանությունը արվել է առանց իր տեղեկության, էջի մյուս պատասխանատու Կարապետ Թումանյանի կողմից, և կազմակերպությունը չի պարտավորվում որևէ պատասխանատվություն կրել դրա համար, քանի որ դա արվել է առանց իր տեղեկության:

Դատավոր Անի Մխիթարյանը, հիմնվելով ՀՀ քաղ. օր.-ի 1087.1 հոդվածի (զրպարտանք է համարվում ոչ միայն անիրական մեղադրանքը, այլև անհատի պատվիը, արժանապատվությունը, գործունեությունը արատավորող և դրանց վնաս պատճառող տեղեկեկությունը) վրա' հայցվոր կողմից պահանջեց ներկայացնել իրենց հասցեին ուղված վիրավորանքները և նշել, թե որտեղ են տեսնում զրպարտանք և վիրավորանք:

Հայցվոր Դանիել Իոաննիսյանը կարդաց իր հասցեին ֆեյսբուքյան էջում տեղակայված մեկնաբանությունից հատված. «Անբարո բարքերին տուրք տվող, ևս մեկ համասեռամոլների պաշտպան, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի անդամ»: Առաջին և երրորդ մեկնաբանությունները նա համարեց զրպարտանք, իսկ երկրորդը'վիրավորանք, քանի որ, ըստ նրա, ոչինչ չէր համապատասխանում իրականությանը: Հայցվոր մյուս ներկայացուցիչները համարեցին զրպարտանք այն մեկնաբանությունը, թե իրենք պայքարել են «Մեկ ազգ» դաշինքի դեմ'որպես համասեռամոլների դեմ պայքարողների: Միաժամանակ, հայցվոր Բայանդուր Պողոսյանը նշեց, որ ինքը պարզապես պաշտպանում է մարդու իրավունքները'անկախ սեռական պատկանելությունից: Նրանք վիրավորանք համարեցին նաև «գաղափարական վիժվածք» արտահայտությունը:

Ի պատասխան հայցվորի' «Մեկ ազգ» դաշինքի նախագահ Գոռ Թամազյանը կրկնեց, որ կազմակերպությունը պատասխանատու չէ Կարապետ Թումանյանի արված մեկնաբանությունների համար, քանի որ նա տեղյակ չի եղել դրա մասին: Նաև ավելացրեց, որ Կարապետ Թումանյանը անտեղի նման հրապարակումներ չէր անի և չէր անդրադառնա հայցվորներին, եթե վերջիններս էլ իրենց հերթին Ֆեյսբուքում չունենային «Anti «Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինքի» էջը, որտեղ հրապարակված են «Մեկ ազգ» դաշինքի դեմ ուղված վիրավորական խոսքեր ու ծաղրանկարներ: Այդ ծաղրանկարներից մեկի պատճառով էլ «Մեկ ազգ» դաշինքի ֆեյսբուքյան էջում Դանիել Իոաննիսյանը անվանվել է խեղկատակ, քանի որ վիրտուալ աշխարհում հանրության առջև ծաղրածուի կերպարանքով է հանդես եկել (նկարն արդեն չկա ֆեյսբուքյան իրենց «Anti «Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինքի»
էջում, սակայն դեռևս մնացել է մեղադրվող կողմից ներայացված ևս մեկ ապացույց' (http://www.facebook.com/photo.php?fbid=10150543753786798&set=o.176211295735181&type=3&theater): Գոռ Թամազյանը նաև նշեց, որ հակառակ կողմի ֆեյսբուքյան էջը նախատեսված է նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ: Դատավորի այն հարցին, թե ինչու մեղադրվող կողմն այս առիթով հայց չի ներկայացրել, «Մեկ ազգ» դաշինքի նախագահը պատասխանեց, «Մենք պետք է նրանց դատի տայինք, այլ ոչ թե նրանք'մեզ: Պարզապես նրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում»:

Հայցվոր կողմը նշեց այն հանգամանքը, որ «Մեկ ազգ» դաշինք կազմակերպության էջը բաց է, և բոլորը կարող էին կարդալ մեկնաբանությունները, և որ այդ հրապարակայնորեն արված վիրավորանքները «Մեկ ազգ» դաշինք կազմակերպության լոգոյի տակ են ներկայացվել, մինչդեռ Գոռ Թամազյանը նշեց, որ այդ մեկնաբանությունները միայն սահմանափակ մարդիկ կարող էին կարդալ և այն որպես հրապարակայնորեն արված վիրավորանք չի ընդունում, սակայն որոշ արտահայտություններ ընդունում է որպես վիրավորանք, և դրա պատասխանատուն արդեն նկատողություն է ստացել կազմակերպության կողմից:

Գոռ Թամազյանին ուղված դատավոր Անի Մխիթարյանի այն հարցին, թե արդյոք մեղադրվող կողմը պատրաստ է հաշտության եզրեր գտնել, նա պատասխանեց, որ հաշտության եզրեր կգտնեն այն դեպքում, եթե մեղադրող կողմը ներողություն խնդրի:

Դատավորը նախապատրաստական փուլն ավարտված համարեց և անցավ դատաքննության փուլ: Դատական նիստը կկայանա 2012 թ. Հունիսի 1 ժամը 14:30:

Հարցին, թե ինչու ֆեյսբուքյան մեկնաբանությունների իրական պատասխանատուի փոխարեն Գոռ Թամազյանն է մեղադրյալի աթոռին, և արդյոք Կարապետ Թումանյանը վկայություն կտա, թե ոչ, դատավոր Անի Մխիթարյանը պատասխանեց, որ հայցվոր կողմը հայցը չի ներկայացրել ընդդեմ Կարապետ Թումանյանի, և քանի դեռ միջնորդություն չի եղել վկայի ցուցմունք տալու հետ կապված, նա լիովին չի կարող պատասխանել այդ հարցին, և միայն միջնորդության դեպքում կարող է բավարարել կամ մերժել հայցը:

Բայանդուր Պողոսյանը ֆեյսբուքյան իրենց էջի վերաբերյալ նշեց, որ իրենք ոչ թե վիրավորել են «Մեկ ազգ» դաշինք կուսակցությանը, այլ պարզապես վերլուծել են նրանց գործունեությունը: Իսկ այն հարցին, թե ինչու են հայցը ներկայացրել ոչ թե Կարապետ Թումանյանի, այլ կազմակերպության նախագահի դեմ, հայցվոր Դանիել Իոաննիսյանը նշեց, որ չի հավատում, որ կազմակերպությունը տեղյակ չի եղել այդ մեկնաբանությունների մասին, և որ իրենց համար մեկ է, թե այդ կազմակերպությունից ով է մեղադրյալը:

Այս առթով «Մեկ ազգ» դաշինքի նախագահը կարծում է, որ գուցե սա հայցվոր կողմի շահերից է բխում, և ինքն իրապես տեղյակ չի եղել Կարապետ Թումանյանի մեկնաբանության մասին:
Դահլիճում նստած Կարապետ Թումանյանը հրաժարվեց որևէ մեկնաբանությունից'պատճառաբանելով, որ լրագրողներին հուզող բոլոր պատասխանները տալիս է Գոռ Թամազյանը:

Անի Ղուկասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter