
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են այցելել հայ-ադրբեջանական սահման
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրու Շոֆերը (ԱՄՆ) կարող են մոտակա ժամանակներում պայմանավորվել հայ-ադրբեջանական սահման այցելելու վերաբերյալ։ Այս մասին օնլայն մամուլի ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեկսանդր Լուկաշևիչը։
«Շատ կարևոր է, որ համանախագահներին վերջիվերջո հաջողվի մոտակա ժամանակներում լինել տարածաշրջանում և տեղում կողմերի հետ քննարկել և պարզել իրավիճակը։ Կարծում եմ՝ այդպիսի հնարավորություններ կարող են լինելու շատ մոտ ապագայում»,- Լուկաշևիչի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի խոսքով՝ կտրուկ է դրված նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի թույլատրումը՝ բնակչության օգնությունը կազմակերպելու նպատակով։ Ինչպես նշել է Լուկաշևիչը, այստեղ ևս կան կազմակերպչական մի շարք հարցեր, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում։
***
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից սկսած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածություն է առաջացել, քանի որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հատել են Հայաստանի սահմանը (Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում), և մի քանի կիլոմետր խորացել ՀՀ տարածքում։ Չնայած ՀՀ իշխանությունների պահանջներին, հակառակորդը հրաժարվում է զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։ Այս քսան օրերի ընթացքում մի շարք միջադեպեր են եղել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։ Մասնավորապես մայիսի 25-ին ադրբեջանական կողմի արձակած կրակահերթերից մահացել էր պայմանագրային զինծառայող Գևորգ Խուրշուդյանը, իսկ արդեն մայիսի 27-ին ադրբեջանցիները գերեվարել են Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինված ուժերի վեց զինծառայողների։
Լուսանկարը՝ արխիվային / © «Հետք»
Մեկնաբանել